Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի վերադարձը չի ապակայունացնի ներքաղաքական իրավիճակը Վրաստանում, վստահ է Գախարիան


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

«Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր վերադարձը Վրաստան չի կարող ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը երկրում», - երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Գիորգի Գախարիան՝ մեկնաբանելով նախկին նախագահի քաղաքական նոր հավակնությունները։

Հիշեցնենք, երկուշաբթի օրը Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց Սաակաշվիլիի թեկնածությունն է առաջադրելու վարչապետի պաշտոնում։ Ինքը Վրաստանի երրորդ նախագահը հայտարարեց, թե վերադառնալու է հայրենիք և անձամբ է մասնակցելու քարոզարշավին։

«Գալիս է թող գա։ Որևէ մեկը կամ որևէ բան չի կարող խաթարել Վրաստանի կայունությունը։ Եվ որևէ հանգամանք չի կարող կասկածի տակ դնել առաջիկա ընտրությունների անցկացումը բնականոն և հանգիստ մթնոլորտում », - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։

Սաակաշվիլիի նախկին զինակիցներին ևս նրա հնարավոր վերադարձը չի ոգևորում։ Ազգային միացյալ շարժումից մի քանի տարի առաջ հեռացած և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ստեղծած գործիչները վստահ են, որ Սաակաշվիլիի վերադարձով Վրաստանի քաղաքական դաշտը կրկին սուզվելու է անցյալի մասին անպտուղ բանավեճերի մեջ։

«Ազգային միացյալ շարժման նպատակն է վերադարձնել իրավիճակն այն կետին, որն առկա էր մինչև 2012 թվականի իշխանափոխությունը, Բիձինա Իվանիշվիլիի և նրա կողմնակիցների նպատակն էլ՝ պահպանել ստատուս քվոն։ Իսկ «Եվրոպական Վրաստան»-ի ծրագրերը կապված են ոչ թե այս կամ այն գործչի վերադարձի, այլ երկրի ապագայի հետ», - հայտարարում էր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան։

Նշենք, սակայն, որ Վրաստանի նախկին նախագահի հայրենիք վերադառնալու առջև ծառացած գլխավոր խոչընդոտները ոչ այնքան քաղաքական են, որքան քրեական։ Վրացական դատարանը նախկին նախագահին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման է դատապարտել, և Թբիլիսի վերադառնալու դեպքում նա բանտում կհայտնվի։ Դա է պատճառը, որ իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները Սաակաշվիլիի վերադարձի և նրա՝ վարչապետի աթոռին հավակնելու մասին անթաքույց հեգնանքով են խոսում։

«Ինձ թվում է, որ նրա հայտարարություններն արդեն դուրս են գալիս կատակերգության ժանրից՝ սահուն կերպով տեղափոխվելով հոգեբուժության ոլորտ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Վրաստան վերադառնալու դեպքում Սաակաշվիլին շատ ժրաջան ու աշխատասեր դատապարտյալ կլինի, որը բանտային արհեստանոցում զբաղված կլինի ձեռնոցներ և գլխակներ կարելով», - լրագրողների հետ զրույցում նշում էր իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության անդամ Նուքրի Քանթարիան։

XS
SM
MD
LG