Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատարանը շարունակում է քննել Սաակաշվիլիի գործը


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին մասնակցում է Կիևում նախագահական նստավայրի մոտ անցկացվող ցույցին, 19-ը սեպտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին մասնակցում է Կիևում նախագահական նստավայրի մոտ անցկացվող ցույցին, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Ուկրաինական դատարանը այսօր շարունակում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գործի քննությունը, որով նա մեղադրվում է Ուկրաինայի սահմանը ապօրինի խախտելու մեջ:

Վարչական այդ իրավախախտումը նախատեսում է մինչև 325 դոլար տուգանք:

Ինքը Սաակաշվիլին չի ներկայացել, դատարանում նրա շահերը ներկայացնում են փաստաբանները:

Վրաց քաղաքական գործչի փաստաբան Մարկիյան Գալաբան հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները դատարանի որոշման հիման վրա կարող են Սաակաշվիլիին` որպես քաղաքացիություն չունեցող անձի, որը վարչական իրավախախտում է թույլ տվել, երկրից արտաքսելու մեխանիզմ մշակել:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին հարյուրավոր համակիրների օգնությամբ սեպտեմբերի 10-ի երեկոյան մուտք է գործել Ուկրաինա՝ հատելով Լեհաստանի հետ երկրի սահմանը:

Սաակաշվիլին ապօրինի է համարում իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը և պնդում է, թե ամեն կերպ հասնելու է Կիև ու դատարանով է այն վերականգնելու:

Ավելի վաղ` 2015 թվականին, նախկին նախագահը զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, երբ Ուկրաինայի քաղաքացիություն էր ընդունել, որպեսզի կարողանա ստանձնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը իր այժմ արդեն նախկին դաշնակից Պորոշենկոյի հրավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG