Պատերազմից մեկ տարի անց բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում։ Մինչ հայկական կողմը խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ հակամարտությունը վերջնականապես կարգավորված է:
Պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում»։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ գործընթացը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
«Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։
Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Կողմերի այս հակասական պատկերացումների ֆոնին` անցած շաբաթ Նյու Յորքում պատերազմից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպմանը հաջորդեց հակիրճ հաղորդագրություն առանց տեսանյութի ու լուսանկարի։
«Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ», - հայտարարեցին ղարաբաղյան միջնորդները։
«Չի կարող չէ՞ լինել բանակցություն, եթե հարցը լուծված է»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ չնայած Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը` նրա արտգործնախարարը գնում է հանդիպման, ինչը վկայում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. «Համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ նշվում էր, որ նրանք կողմերին արել են դեէսկալացիայի և հետագա հեռանկարների վերաբերյալ հստակ թիրախային առաջարկներ: Մենք կարիք ունենք հասկանալու` ինչ առաջարկներ են դրանք: Օրինակ` նույն Ալիևը երբ հայտարարում է, որ հարցը լուծված է, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանի նախարարը գնում, նստում և բանակցում է, այսինքն` չի կարող չէ՞ լինել բանակցություն, եթե հարցը լուծված է, ինչի՞ վերաբերյալ է բանակցում, կամ ինչո՞ւ է գնում Ադրբեջանի նախարարը», - հարցնում է մեկնաբանը:
Վերլուծաբանները վաղ են համարում գնահատել՝ արդյոք արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում։ Պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին և վերջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 11-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնոդությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որով հաստատվեց 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հայտարարության՝ տարածաշրջանային ապաշրջափակման դրույթը։
Թե հանդիպման պահին, թե մինչև օրս նոյեմբերի 9-ի եռակողմ այդ հայտարարության կետերից անկատար են շարունակում մնալ գերիների վերադարձի և հաղորդակցության ուղիների բացման դրույթները։ Մոտ 4 ժամ տևած այդ հանդիպմանը նաև եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց։
Այս աշխատանքները գնահատելու համար կարևոր է իմանալ, թե բացի հրապարակային հայտարարություններից, կուլիսային ինչ քննարկումներ են եղել, ասում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը. «Որովհետև Արցախը հիմա որոշակի կարգավիճակ ունի, և դա ռուսական կարգավիճակ է, և երբ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան բարձրաձայնում են կարգավիճակի խնդիրը, ես կարծում եմ` դրա տողատակում զգալիորեն կա խոսք հասցեագրված հենց Ռուսաստանին, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համար կամ այլ միջազգային դերակատարների ընդունելի չէ կամ խնդրահարույց է հենց ռուսական կարգավիճակը: Եվ եթե դիտարկում ենք պատերազմը, ապա զարգացումների քաղաքական շղթան մեզ բերում է որոշակի եզրահանգումների հետևյալ իմաստով` Ռուսաստանը Պուտինի իշխանության գալուց հետո, անկասկած, դիտարկեց արցախյան հարցը իր մոնոպոլ կառավարման ներքո վերցնելու ռազմավարությունը, և սրան մեծ հաշվով ժամանակի ընթացքում հակադրվեց էրդողանյան Թուրքիան», - նկատում է Բադալյանը:
Հենց այս պատճառով էլ քաղաքական վերլուծաբանները համակարծիք են, որ ցանկացած պարագայում Հայաստանի օրակարգում պետք է լինի հայ-թուրքական ուղիղ երկխոսության հարցը` անկախ դրանց բովանդակությունից։