Մատչելիության հղումներ

«Եռաբլուր» պաշտոնյաների այցն ուղեկցվեց միջադեպերով ու լրատվամիջոցների համար սահմանափակումներով


Հայաստանի անկախության երեսունամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց վաղ առավոտյան` «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը և Արցախի նախագահը Հայաստանի կառավարության անդամների ու պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմի զոհերի հուշարձանին։

Կաթողիկոսը, ի տարբերություն նախորդ տարիների, պետական այրերին չէր ուղեկցում։

Թե ինչ կատարվեց «Եռաբլուրում», «Ազատությունը» տեղեկացավ միայն կառավարության լրատվական ծառայության տարածած կադրերից։ Լրատվամիջոցներին հատկացված հատվածից իշխող այրերը տեսանելի չէին, լրագրողների տեսադաշտում հիմնականում անվտանգության աշխատակիցներն էին։

ԶԼՄ-ների համար «Եռաբլուրի» մի անկյունում իշխանությունները կարմիր ժապավենով մի քանի քառակուսի մետր էին առանձնացրել և արգելում էին հատել կարմիր գիծը։ Մինչ վարչապետի ժամանելը զոհված զինվորների մի քանի ծնողներ հայտարարեցին՝ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների գերեզմանին. «Իմ երեխեքի տուն, իմ երեխեքի օջախ չգա: Ես իրեն չեմ հրավիրել: Մենք` ես ու Արսենը ողորմություն ենք խնդրել, փող ենք խնդրել ժողովրդից...ես իրենց մոտ կգնամ: Մենք գնացել ենք դիրքեր»:

Հարցազրուցն ընդհատեցին անվտանգության աշխատակիցները, լրագրողներին հորդորեցին անցնել իրենց համար առաձնացված անկյուն, իսկ զոհերից մեկի հորը ուժով հեռացրին պանթեոնի տարածքից:

Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պանթեոնից հեռացան առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Իսկ լրագրողներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն ստացան միայն պաշտոնական պատվիրակության հեռանալուց հետո։ Որևէ բացատրություն նոր սահմափակումների մասին ստանալ չհաջողվեց:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հարցերը, թե նման սահմանափակումներն ինչո՞վ էին պայմանավորված, և որքանո՞վ է ճիշտ համարում դրանք, անպատասխան թողեց, փոխարենն ասաց․ - «Այսօր այստեղ զուսպ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ազատության և անկախության համար զոհվածների համար, այսքանը»։

Չնայած սահմանափակումներին` ամեն ինչ հարթ չանցավ։ Միջադեպ գրանցվեց թե՛ Փաշինյանի ներկայությամբ, թե՛ նրա հեռանալուց հետո:

«Նիկո՛լ, դու պատասխան ես տալու ու մեր անկախությունը տապալելու համար», - բացականչեց տեղում հավաքված տղամարդկանցից մեկը:

Արդեն վարչապետի հեռանալուց հետո վիճաբանություն սկսվեց նաև ոստիկանների և Փաշինյանին մոտենալ ցանկացող քաղաքացիների միջև: Նրանց մեծ մասը 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների ծնողներն էին։ Այս հատված ևս լրագրողներին մոտենալ թույլ չտվեցին:

Այսօր ավելի ուշ «Եռաբլուր» են այցելել նաև ընդդիմադիր գործիչները։

XS
SM
MD
LG