Խորհրդային տարիներին այլախոհ, քաղբանտարկյալ, այժմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հոռոտեսությամբ չի տրամադրված այսօր` Հայաստանի անկախության 30-ամյակին: Չնայած Հարությունյանը ևս արձանագրում է` տխրելու առիթ կա` պատերազմը, դրա հետևանքները չհաղթահարելը:
«Մենք ուշակորույս վիճակում ենք, մեր իշխանությունները հատկապես ուշակորույս վիճակում են», - «Ազատության» հետ զրույցում նշում է իրավապաշտպանը:
Հարցազրույցից մի հատված ստորև.
Վարդան Հարությունյան. - Շնորհավորելու առիթ, իհարկե, կա, որովհետև վերջին հաշվով մեր ժողովրդի պատմության մեջ կարևորագույն դրվագ է սեպտեմբերի 21-ը` համաժողովրդական հանրաքվեով «այո» է ասվել Հայաստանի Հանրապետության լինելիությանը: Չի կարելի դա անտեսել, բայց մենք ունենք առիթ տխրելու: Առիթը վերջին պատերազմն է, այս ծանր պարտությունը և այդ պարտությունից հետո վերջին տասը ամիսների ընթացքում ուշքի չգալու այս վիճակն է:
Մենք ուշակորույս վիճակում ենք, մեր իշխանությունները հատկապես ուշակորույս վիճակում են, և մենք` մարդիկ, քաղաքացիներս, տեսնելով նրանց անկարողությունը, տեսնելով, որ նրանք չեն կարողանում լուծումներ գտնել, հակաքայլեր գտնել, մենք, իհարկե, ընկնում ենք այդ հոռետեսության գիրկը, կամ դա մղում է մեզ դեպի հոռետեսություն, բայց չպետք է լինենք հոռետես, իհարկե:
Մենք կանք, մեզանից բոլորից է կախված` մեր այսօրվա քաղաքացուց, ՀՀ այսօրվա քաղաքացուց, այսօրվա մարդուց է կախված, որ կարողանանք այս իրավիճակում գտնել ելքեր: Ամենավատ իրավիճակում կան ելքեր, հուսահատվել և թևաթափ լինել, ելքեր չփնտրել, լողալ հոսանքին համընթաց նշանակում է կործանվել:
«Ազատություն».- Նաև հոռետեսությո՞ւն է, որ գուժում են Հայաստանի պետականության, անկախության մոտալուտ վախճան, կամ առնվազն, որ այդպիսի վտանգ կախված է այսօր Հայաստանի գլխին:
Վարդան Հարությունյան. - 2000-ականներից սկսած մինչև Փաշինյան և Փաշինյանի շրջանում, իհարկե, մենք ականատես ենք լինում Հայաստանի ինքնիշխանության կորստին: Ռոբերտ Քոչարյանի շրջանում էր դա շատ ակնհայտ երևում, Սերժ Սարգսյանի: Հույս կար, որ 18 թվականը բեկում կմտցնի, և մենք կվերադառնանք այն ընթացքի մեջ, որը նախանշել էինք 90-ական թվականներին:
Ինձ զարմացրեց, ցավ պատճառեց, իհարկե, բայց ավելի շատ երևի զարմացրեց, որ 18 թվականի հեղափոխությունը դա չբերեց: Ես մեծ հույսեր եմ կապել այդ հեղափոխության հետ, իսկ պատերազմը և ետպատերազմյան շրջանը ելքեր որոնել չկարողացող, ելքեր գտնել չկարողացող իշխանավորներին ստիպում է շատ ավելի մեծ զիջումների գնալ Հայաստանի ինքնիշխանության հաշվին, պահպանել սեփական իշխանությունը, Հայաստանի ինքնիշխանությունից կտորներ զիջելու հաշվին փորձել թվացյալ լուծումներ գտնել, ոչ թե իրական, այլ թվացյալ լուծումներ գտնել: Կա այդպիսի բան, բայց նույնիսկ սա չի կարելի համարել վերջ, և չի կարելի մտածել, թե ավարտվում է մեր պետությունը, մեր պետությունը չի ավարտվում, մենք ավելի ծանր ժամանակաշրջաններում էլ ենք ապրել:
«Ազատություն».- Թուրքիայի հետ հաշտեցման եզրեր տեսնո՞ւմ եք: Հիմա Երևանն ու Անկարան հեռակա փոխանակում են ուղերձներ:
Վարդան Հարությունյան. - Ես գիտեմ, որ դա քիչ աղմուկ է բարձրացրել հայկական միջավայրում, դա ինձ ուրախացնում է: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պարտությունից անմիջապես հետո, եթե մինչև պարտություն այդքնա խելք, այդքան տրամաբանություն չունեին կամ չեմ ունեցել, ապա պարտությունը` որպես ապտակ պետք է նրանց ուշքի բերեր, և պարտությունից անմիջապես հետո նրանք պետք է արդեն այդ քայլերը փակ և բաց խողովակներով, ես չգիտեմ, փորձեին կազմակերպել և իրականացնել, որովհետև Թուրքիան մեր ամենահզոր հարևանն է, որի հետ մենք պարտավոր ենք խոսել, ուղղակի խոսել, ուղիղ, դեմ առ դեմ խոսել:
Պատերազմը մեզ զրկել է ծանրակշիռ խոսք ասելու հնարավորությունից, ցավոք, պարտությունը, ոչ թե պատերազմը, մեր բառապաշարից շատ բառեր է հանել, որ մենք կարող էինք օգտագործել: Հիմա այլ բառապաշարով, բայց պետք է խոսենք: Ինձ ուրախացրեց, երբ իմացա, որ նման քայլ են փորձել կազմակերպել հայկական կողմից: Դա, կարծում եմ, ճիշտ է: Մենք պետք է ուղիղ խոսենք և՛ Թուրքայի հետ, և՛ Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանի հետ մեր զրույցն այսօր բարդ է և չի ստացվում, ապա պետք է փորձենք Թուրքիայի միջոցով գոնե:
Եթե դու քո հարևանի հետ չես խոսում, ապա քո փոխարեն կարող են խոսել այլք և խոսել իրենց շահերը հաշվի առնելով: