Միացյալ Նահանգները և Հայաստանը միավորված են «պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ մեկևկես միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում»։ Այս մասին ասված է Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հղած շնորհավորական ուղերձում։
Նշելով, որ այս տարի երկու երկրները նշելու են նաև երկկողմ հարաբերությունների 30 տարին, Բայդենը վստահեցնում է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին «ժողովրդավարական իր ուղին անցնելիս՝ աջակցելով, մասնավորաբար, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին»:
«Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը: Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։
«Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14,2 միլիոն դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում», - Հայաստանի վարչապետի գրում է Միացյալ Նահանգների նախագահը՝ Անկախության 30-ամյակի առթիվ իր լավագույն բարեմաղթանքները հղելով հայ ժողովրդին: