Մատչելիության հղումներ

«Գյումրին կռնա» դաշինքի ցուցակը գլխավորելու է գործարար Սրտաշյանը, քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է


Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրումների 4-րդ օրը քաղաքական որևէ ուժ ընտրատարածքային հանձնաժողով փաստաթղթեր դեռ չի ներկայացրել: Առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է, մինչ այդ քաղաքապետի թեկնածուների շրջանառվող անունների պակաս չկա` Գյումրիի գործող ու նախկին քաղաքապետերի, Ազգային ժողովի նախկին պատգամավորների անուններ են քննարկվում։

Քաղաքական ուժերը դեռ չեն շտապում բացահայտել՝ մասնակցելո՞ւ են Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքի քաղաքապետի աթոռի համար պայքարին, թե՝ ոչ: Նախօրեին միայն «Գյումրին կռնա» նախաձեռնությունը քաղաքական 3 կուսակցությունների հետ դաշինք կազմեց ու հայտարարեց տեղական ընտրություններին մասնակցելու մասին:

«Երեք քաղաքական ուժեր գումարած «Ազգային արժեք» ակումբը, կուսակցություններից նժդեհյան «Ցեղակրոն» կուսակցություն, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն և Հայկ-հայկազուններ կուսակցություն», - ներկայացնում է գործարար Վարդան Սրտաշյանը, որը գլխավորելու է «Գյումրին կռնա» դաշինքի ցուցակը:

«Ազատության» հետ զրույցում Սրտաշյանը պարզաբանեց՝ թեև ցուցակի առաջին համարն ինքը կլինի, բայց դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է. «Ըստ էության, մենք երբևէ նման խնդիր չենք ունեցել առաջին համարի` քաղաքապետի, քանի որ մենք գնում ենք թիմային պայքարի, թիմային գաղափարներով, և մեծ հաշվով էական չէ, թե ով կլինի քաղաքապետը, ով կլինի առաջին համարը: Նախնական պայմանավորվածության համաձայն` առաջին համարը ես եմ լինելու, քաղաքապետի թեկնածուն էլ` Գրիգորյան Վարդանը` մեր երկրորդ համարը ցուցակի»:

Հեղափոխությունից հետո Վարդան Գրիգորյանը շուրջ 2 տարի զբաղեցրեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, իր դիմումի համաձայն էլ մոտ մեկ տարի առաջ ազատվեց պաշտոնից: Վերջինս Գյումրիում ավելի հայտնի է որպես գործարար, կահույքի սրահի սեփականատեր է։ Քանի որ ըստ օրենքի նախաձեռնությունները համամասնական ընտրություններին մասնակցել չեն կարող, պետք է քաղաքական որևէ ուժի հետ դաշինք կազմեն։

Վարդան Սրտաշյանը նշեց, որ դաշինք կազմել են այն ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերի հետ, որոնց հետ ընդհանրություն են ունեցել. «Ինչո՞ւ հենց այդ երեք կուսակցությունները, նախ` մեր գաղափարակից ընկերներն են այդ կուսակցության շարքերում, բացի այդ, այստեղ կա երեք սկզբունք` մեկը քրիստոնեության սկզբունքն է, որը ազգային գաղափարախոսության տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է, նժդեհյանը գաղափարախոսությունը և դրան գումարած Հայկ-հայկազուններ կուսակցություն` նկատի ունենալով մեր գենը, անցյալը, պապերին, հայրենիքը, այսինքն` այս արժեքային երեք գործոնները իրար միավորելով փորձել ենք քաղաքական դաշտ մտնել և այդպիսով ներկայացնել մեր մոտեցումները ազգային դաշտի, երկրի ապագայի, ազգի ապագայի նկատմամբ»:

Ավագանու անդամների մոտ 20 հոգանոց ցուցակ կներկայացնեն առաջադրվելիս: Դաշինք կազմած քաղաքական ուժերից ցուցակում ընդգրկված թեկնածուներ չեն լինի. «Նրանք մեր գաղափարակից ընկերներն են Երևանից, առաձնապես որևէ պահանջ չեն դրել այդ առումով, ցուցակը կազմվել է` հաշվի առնելով ոլորտային մոտեցումները, այսինքն` քաղաքի տարբեր ոլորտների զարգացման գաղափարներ ունեցող մարդիկ ներառվել են սպորտից մինչև մշակույթ, տնտեսություն և այլն:

Քաղաքական ուժերը քաղաքական դեմքերով ներկայացված չեն, նրանք սիրահոժար տրամադրել են իրենց կուսակցությունները որպես տեխնիկական միջոց նաև գաղափարական միջոց ընտրություններին մասնակցելու համար: Մոտավորապես 20 հոգանոց ցուցակ է, որի մեջ կան թե՛ մտավորականներ, թե՛ բժիշկներ, թե՛ բիզնեսմեններ, թե՛ արվեստի գործիչներ, մի խոսքով` փորձել ենք մաքսիմալ հնարավորինս լայն շրջանակներ ընդգրկել, հիմնականում մտավորականության շրջանակներից»:

ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը քվեների 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար` 6 տոկոսը: Գյումրիում մոտ 122 հազար ընտրող կա: Նախորդ ՏԻՄ ընտրություններին նրանց շուրջ 37 տոկոսը՝ 45 հազարից ավելի մարդ էր մասնակցել:

XS
SM
MD
LG