Գյումրիում հոկտեմբերի 17-ին նշանակված ավագանու համամասնական ընտրությունների համար առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 2-ից։ Կուսակցություններն ու դաշինքները ավագանու անդամի թեկնածուների իրենց ցուցակները կարող են ներկայանցել մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18։00-ն։
Հենց այս ընտրությունների արդյունքում կորոշվի, թե ով կլինի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը։ Մինչ այս պահը, սակայն, որևէ քաղաքական ուժ, այդ թվում և իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։
Որոշ ուժեր տեղեկացրին, որ բանակցում են այլ ուժերի հետ, մեծ մասը սպասում է իրենց կուսակցությունների որոշմանը և ձեռնպահ են մնում մեկանաբանություններից: Հայտնի չէ նաև, թե արդյո՞ք ընտրապայքարին կմիանա Գյումրին արդեն 9 տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը։
Բոլոր՝ 82 տեղամասերի աշխատանքը կհամակարգի թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը քաղաքական ուժերին հորդորում է առաջադրումները չթողնել վերջին օրվան:
Հարցին, թե ներկայացվող ցուցակների առավելագույն կամ նվազագուն շեմ սահմանվա՞ծ է, Ղազարյանը պատասխանեց․ - «33 հոգի է մեր ավագանին, մինիմում ցանկալի է, որ ավագանու անդամների ընդհանուր թվից ոչ պակաս լինի։ Բոլորին էլ պարզ է, որ ոչ մի կուսակցություն 100 տոկոս ձայն չի հավաքի, որ 33 հոգին լրացնի։ Կուսակցություններ կարող է լինեն 15 հոգի, 20 հոգի, էդտեղ ոչ մի պարտադրանք չկա»։
Նախորդ ընտրություններին 10 քաղաքական ուժ էր մասնակցում։ Սեպտեմբերի 17-ին ընտրատարածքային հանձնաժողովը կավարտի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքակն ուժերի գրանցումը: Հանձնաժողովի նախագահը հիշեցնում է, թե ինչը կարող է գրանցման մերժման հիմք հանդիսանալ․ - «Առաջին սահմանափակումը, որ ուժային կառույցների ներկայացուցիչ չի կարող լինել ավագանու անդամ, այսինքն՝ ԱԱԾ-ի, ոստիկանության, դատարանի, քննչականի, ուժային կառույցների ցանկացած ներկայացուցիչ չի կարող լինել ավագանու անդամ»։
Նոր խորհրդարանն առաջին անգամ նաև տեղամասային հանձնաժողովներ կձևավորի՝ խմբակցությունների ստացած մանդատների համամասնությամբ:
«Ազգային ժողովի խմբակցությունները նշանակում են Գյումրիի համայնքի ավագանու ընտրություններին 82 տեղամասերում, ըստ համամասնության, նախագահներ, քարտուղարներ և անդամներ։ Այսինքն՝ ունի 8 անդամ, 6-ը նշանակում են կուսակցությունները և դաշինքները, էն երկու անդամին, այսինքն՝ 164 հոգու նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը», - ասաց Ղազարյանը։
Քվերակությանը այս անգամ ևս, ինչպես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, գրիչ չի օգտագործվի, քաղաքացիները քվեատուփ կգցեն իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը։