Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու համար որևէ քաղաքական ուժ դեռ չի դիմել


Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու համար որևէ քաղաքական ուժ դեռևս փաստաթղթեր չի ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով, թեև արդեն 3 օր է, ինչ դիմումների ընդունումը մեկնարկել է։

Առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է, և ըստ Գյումրիի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի՝ կուսակցությունների պասիվությունն արտառոց չէ, սովորաբար առաջադրումները վերջին օրերին են լինում. «Մինչ այս պահը ոչ մի դիմում չկա քաղաքական ուժերից, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, միշտ էլ այդ ժամկետի կեսից նոր սկսում են քաղաքական ուժերը դիմումներ ներկայացնել` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները»:

Ինչպես 5 տարի առաջ, այս անգամ ևս Գյումրիում ՏԻՄ ընտրություններն անցնելու են համամասնական ընտրակարգով, այսինքն` մեծամասնություն ստացած ուժն ավագանու կազմից քաղաքապետ է ընտրելու։ Թիվ 31 ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով` քաղաքական ուժերից դեռևս միայն Կոմունիստական կուսակցությունից են հետարքրքվել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջադրման համար. «Երեկ ինձ զանգել էին Կոմունիստական կուսակցությունից, հետաքրքրվում էին կարգից, պահանջվող փաստաթղթերից: Ըստ երևույթին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես ուզում է մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին համամասնական կարգով: Ուղղորդեցի, ասացի, որ փաստաթղթերի ցանկը կա ԿԸՀ-ի կայքում, եթե այցելեք մեզ մոտ, մենք էլ ձեզ կօգնենք»:

Քաղաքական ուժերից դեռ ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Իսկ քաղաքապետի թեկանածուների շրջանառվող անունների պակաս չկա, Գյումրիի գործող ու նախկին քաղաքապետեր, Ազգային ժողովի նախկին պատգամավորների անուններ են քննարկվում։

Որպես իշխանությունների քաղաքապետի թեկնածու նշվում է նաև Շիրակի մարզպետի անունը, բայց պաշտոնապես դեռ որևէ հաստատում չկա: Լրատվամիջոցները գրում էին, որ Գյումրիի գործող քաղաքապետ՝ 9 տարի քաղաքը ղեկավարած, տարատեսակ քաղաքական ուժերի անդամակցած Սամվել Բալասանայնը ևս կարող է իշխանությունների թեկնածուն լինել, այդուհանդերձ, նա հիմա արձակուրդում է և հանրապետությույունից դուրս է գտնվում: Առաջիկա օրերին կվերադառնա, ու պարզ կդառնա` մասնակցում է, թե ոչ:

Գործող ավագանու մաս կազմող քաղաքական 4 ուժերը՝ «Բալասանյան» դաշինքը, ԲՀԿ, «Հայկական վերածնունդն» ու ԳԱԼԱ կուսակցությունները ևս առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն դեռ չեն արել: 2016-ին Գյումրիի ավագանու ընտրություններին 10 կուսակցություն ու մեկ դաշինք էր մասնակցում: Հաջորդ շաբաթ արդեն պարզ կդառնա, թե որ ուժերն են հայտ ներկայացնելու Հայաստանի 2-րդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական վերջին ընտրություններին Գյումրիից ստացել էր ամենամեծ թվով ձայները՝ ավելի քան 28 հազար քվե։ Մինչև հեղափոխությամբ իշխանության գալը Փաշինյանի գլխավորած ուժը 2016-ին էլ էր մասնակցել Գյումրիի ավագանու ընտրություններին ու 638 քվե էր ստացել:

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նշում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաձնանում են համապետական ընտրություններից՝ քաղաքականությունից բացի, նաև թաղային ու ազգակցական կապերի գործոնն է գումարվում. «Համապետական ընտրությունները տարբերվում են տեղական ինքնակառավարման ընտրություններից, այստեղ արդեն բարեկամներ, ծանոթներ, ընկերներ, թաղեր և այլն, այդպես գործոններն ավելի մեծ դեր են խաղում, քան համապետական ընտրություններին: Այդ առումով կարող է որոշ լարվածություն լինի, բայց չեմ կարծում, որ ինչ-որ արտառոց միջադեպեր կգրանցվեն: Համենայն դեպս, հուսով եմ, որ այդպես միջադեպեր չեն լինի»:

Գյումրիում մոտ 122 հազար ընտրող կա: Նախորդ ՏԻՄ ընտրություններին նրանց շուրջ 37 տոկոսը՝ 45 հազարից ավելի մարդ էր մասնակցել:

XS
SM
MD
LG