Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը․ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում


Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում՝ հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում։

Կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նույնպես նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Այսօր Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք նախատեսվում են իրականացնել կազմակերպությունում՝ Հայաստանի նախագահության օրոք, «այսինքն՝ այն հիմնական ոլորտները, որոնց վրա մեր կազմակերպությանը առաջարկվում է կենտրոնացնել իր հիմնական ջանքերը հաջորդ տարի»:

Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին առաջարկեց կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա։ Հայաստանի վարչապետը, մասնավորպես, համարում է, որ անհրաժեշտ է արդիականացնել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։

«Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով», - ասել է Փաշինյանը։

Անցած տարի Ադրբեջանին նաև թուրքական անօդաչուների պատճառով պարտված Հայաստանի ղեկավարն այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ՝ ՀԱՊԿ ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով:

«Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել, դրանք ժամանակակից միջոցներով վերազինել և կատարելագործել դրանց ղեկավարումը», - ասել է Փաշինյանը։

Անցած տարի ՀԱՊԿ-ից լուրջ սպասումներ կային Հայաստանում, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունը, որին անդամակցում են Ադրբեջանի դաշնակիցները, այդ թվում՝ թյուրքալեզու Ղազախստանն ու Ղրղըզստանը, հրաժարվել է որևէ ձևով միջամտել պատերազմին՝ սահմանափակվելով կողմերին խաղաղ ճանապարհով հարցերը կարգավորելու ստանդարտ կոչով։

Այսօր ՀԱՊԿ-ից սպասումներ ունի Աֆղանստանին սահմանակից Տաջիկստանը։ Դուշանբեում այս առումով սպասում էին Ռուսաստանի նախագահի այցին։ Վլադիմիր Պուտինը, սակայն, Տաջիկստանի մայրաքաղաք չի ժամանել և գագաթնաժողովին մասնակցել է տեսակապի միջոցով։

ՀԱՊԿ գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքնամեկուսացվել է, քանի որ իր մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ «Այնպես որ, պետք է մի քանի օր գտնվեմ ինքնամեկուսացման ռեժիմում և այսօր չեմ կարող սեղմել ձեր ձեռքը և գրկախառնվել ձեզ հետ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ինչ վերաբերում է Աֆղանստանից եկող սպառնալիքներին, Պուտինը շեշտել է անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ երկրների ջանքերն ու համախմբվածությունը համակարգելու անհրաժեշտությունը։

Ինչպես նշված է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստում՝ ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում այսօր հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը:

Այսօր ՀԱՊԿ ղեկավարները նաև պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG