Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գործողություններին արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին


Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Հանդիպման առանցքում, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումն է եղել, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:

Արա Այվազյանը հայտնել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Պաշտոնական Բաքուն հերքում է, թե կրակողն իրենք են, ասում են՝ դժբախտ պատահար էր։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG