Մատչելիության հղումներ

Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա


Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Ռեջեփ Էրդողանն այս մասին ասել է այսօր Չեռնոգորիայում, երբ լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի:

Ի պատասխան` Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - ասել է Էրդողանը:

Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական, և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»:

XS
SM
MD
LG