Մատչելիության հղումներ

Պետք է խոսենք թուրքերի հետ. Հրանտ Տեր-Աբրահամյան


Հայաստանը, հայերը պետք է խոսեն Թուրքիայի հետ, ինչը կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար, «Ազատության» հետ զրույցում ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Ըստ Տեր-Աբրահամյանի` հատկապես 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան վտանգավոր է Հայաստանի անվտանգության ռազմավարության հիմքում դնել միայն մեկ տերության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Հրանտ Տեր-Աբրահամյան. - Հիմա ինձ համար առավել կարևորը կոնկրետ հայ-թուրքական հարաբերություններն են, որոնք Դուք ասում եք 100-ամյա, Դուք ինչքա՞ն ասացիք:

«Ազատություն». - 100-ամյա, պայմանական:

Հրանտ Տեր-Աբրահամյան. - Հայ-թուրքականը դրանցից առավել խորքային է, որքան էլ հիմա Ադրբեջանի հետ հարաբերություններն ակտուալ են, բայց առավել խորքայինը, համաձայնվեք երևի Դուք էլ, հայ-թուրքական հարաբերություններն են։ Բայց նաև մի բան պետք է հաշվի առնենք՝ դրանք երբեք իրենք իրենցով էլ չեն եղել, դրանք միջնորդավորված են միշտ եղել՝ այլ մեծ տերությունների միջամտությամբ, շահերով՝ և՛ արևմտյան, և՛ Ռուսաստանի, այսինքն՝ էդ էլ պետք է հաշվի առնենք էս բարդ իրավիճակում, բայց ես էլի եմ շեշտում՝ հայ-թուրքականն ինձ համար առավել կարևոր է:

Եթե մենք խոսում ենք խաղաղությունից, ինձ համար, ճիշտ է, խաղաղությունն էլ պետք է ճշտենք, ոչ թե խոսքին՝ «հավետ խաղաղություն մեկ է չի լինելու ժողովուրդների միջև և այլն», եկեք ավելի ռեալիստական նայենք, բայց եթե ինչ-որ ավելի կայուն, ավելի տևական խաղաղության մասին պետք է մենք խոսենք, պետք է փորձենք հենց, շեշտում եմ` փորձենք, որովհետև պարզ է, որ շատ բարդ խնդիր է, հայ-թուրքական խոսակցությունը, հիմա ոնց որ թե կան ազդակներ երկու կողմից, Դուք ճիշտ եք նշում, որ էդպիսի խոսակցություն կարող է տեղի ունենալ, ես կուզենայի, որ մենք շեշտն էս ուղղությամբ տանեինք, որովհետև եթե այստեղ մենք հասնենք ինչ-որ 1-2 առաջընթացի, նախ` միայն փաստը հայ-թուրքական խոսակցության արդեն, իմ կարծիքով, տարածաշրջանում բալանս է փոխելու, ոչ թե, թե ինչ մենք կխոսենք, դեռ մի կողմ ենք թողնում, այլ ուղղակի փաստը հայ-թուրքական խոսակցության՝ «տղերք ջան, ո՞նց եք, ոնց որ թե մենք խնդիր ունենք։ Ի՞նչ կա, տնեցիք ո՞նց են», հա՞, մի քիչ կենցաղային լեզվով եմ հատուկ ասում, նույնիսկ այդ փաստը արդեն որոշակի բալանս տարածաշրջանում կփոխի։ Հայաստանի համար ինչո՞վ է սա կարևոր, որովհետև Հայաստանը պետք է փորձի իր հարաբերություններն ամեն դեպքում հավասարակշռել:

Ադրբեջանն ինչո՞վ է հասնում հաջողության, ինքը կարողանում է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի հետ, որոնք էսօր մեր տարածաշրջանային, կարծես, ամենաակտիվ խաղացողներն են, ինքը կարողանում է այդ բալանսի մեջ խաղալ։ Մենք չունենք էդ երկու հավասարակշռելու հնարավորությունը, անընդհատ միակողմանի է մերը, և էստեղ մենք, իհարկե, տուժում ենք:

Ես, օրինակ, դեմ եմ, որ ասենք, այս խոսակցությունը լինի, մենաբանենք` այ, վերջ, վերջնական հաշտություն հայերի, թուրքերի, ներենք իրար և այլն: Այս խոսակցությունը պիտի չլինի, հռետորական մակարդակով, իհարկե, քաղաքական առաջնորդները կարող են դա օգտագործել, բայց մի պայմանով` եթե մենք հիշենք, որ էդ չի էլի խնդիրը, որովհետև դա մի քիչ ավելի իդեալիստական, ուտոպիստական խնդիր է:

Ռեալիստական պրակտիկ խնդիրներ դնենք, հասկանանք` այսօր կարո՞ղ է այս իրավիճակում 1-2 ստանալիք մենք Թուրքիայից ունենք, որի դիմաց կարանք տանք 1-2 տալիք, նստենք, հաշվենք, հասկանանք` մեզ դա պետք է, թե պետք չի: Այսպես շատ պրագմատիկ մակարդակում, և կամ անենք, կամ չանենք: Եթե ընկնենք այդ մեծ նպատակների հետևից, ես կարծում եմ` հերթական ֆիասկոն, վախենամ, թե կկրենք: Բացի այդ, պետք է այս քաղաքական պրագմատիզմն առաձնացնենք զուտ մեր բարոյական զգացումներից, որովհետև, կներեք, Թուրքիա պետությունը ոչ մի բանով չի արժանացել հայ ժողովրդի ոչ համակրանքը, ոչ վստահությունը: Սա առանձին խնդիր է, մենք սա առանձին պիտի դնենք, ու բնական շատ պատճառներ դա ունի: Բայց քաղաքական հարաբերություն, եթե մենք հաշվել ենք, որ այսօր մեզ սա պետք է, մենք պետք է անենք:

Մի պատմական օրինակ բերեմ մեր միջնադարյան պատմությունից, որը մենք իբր տենց շատ սիրում ենք, բայց իրականում էդքան էլ շատ բաներ չենք հասկանում, մեր երկու անգամ էլ և՛ Բագրատունիները, և՛ Ռուբինյանները անկախ Հայաստանը անկախ թագավորությունները հայկական ստեղծել են այդպիսի ճկուն հարաբերություններում: Օրինակ` Բագրատունիները երբ որ պետք է եղել` արաբների դեմ կռվել են, երբ որ պետք է` արաբների հետ խոսացել են, երբ որ պետք է բյուզանդացիների հետ և հակառակը: Ռուբինյանները երեք ուժի հետ միաժամանակ խաղացել են` խաչակիրներ, այն ժամանակ սելջուկներ և բյուզանդացիներ:

Հաճախ եղել է` սելջուկների հետ համագործակցել են խաչակիրների դեմ, հաճախ եղել է` խաչակիրների հետ սելջուկների դեմ, հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց երկուսի հետ միասին էլ` նույն թուրքերի և խաչակիրների հետ բյուզանդացիների դեմ: Այսպես են ստեղծել անկախ հայաստանները: Այս ռեցեպտը չի փոխվում, չնայած ժամանակները փոխվում են, բայց անկախության այս ռեցեպտը չի փոխվում: Դա նաև ղարաբաղյան շարժմամբ է ձևակերպված` չկան հավերժ թշնամիներ, չկան հավերժ բարեկամներ:

«Ազատություն». - Եթե փորձենք ընդհանրացել: Դուք ասում եք, որ մենք պետք է պայմանավորվենք թուրքերի հետ, խոսենք թուրքերի հետ: Դա կարևոր է Հայաստանի անվտանգության համար:

Հրանտ Տեր-Աբրահամյան. - Պայմանավորվելը դեռ շատ շուտ է, իհարկե, շատ-շատ շուտ է, ես ասում եմ` խոսենք ընդամենը, փորձենք խոսել, և մենակ խոսակցությունն արդեն որոշ բաներ կփոխի: Իսկ թե կստացվի, թե չի ստացվի, այնքան գործոններից է կախված, անհնար է դա հաշվարկել:

Հարցազրույցն ամբողջությամբ`

XS
SM
MD
LG