Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության


Պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ Այդ մասին այսօր գործադիրի ղեկավարը հայտարարեց կառավարության նիստի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», - շեշտեց կառավարության ղեկավարը՝ շարունակելով․ - «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Նահանգները ևս հետաքրքրված են այս գործընթացով»։

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկվում է կոմունիկացիաների վերաբացման հարցը

Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություներից է լինելու, այսօրվա նիստին շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշելով, որ վարչապետ վերանշանակվելուց հետո եղել է Իրանում, այսօր էլ մեկնում է Վրաստան՝ Փաշինյանն ընդգծեց՝ երկու դեպքում էլ օրակարգում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է՝ այս համատեքստում կարևորելով «Հյուսի-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ Հայաստանի սահմանը կապում է Վրաստանի սահմանի հետ։

«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք և կոնկրետ ջանքեր կգործադրենք արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև», - ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը վերահաստատեց՝ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Կարևորելով Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում իրականացնելու օրակարգը՝ Փաշինյանը նաև հույս հայտնեց՝ օր առաջ ավարտին հասցնել գերիների, պատանդների, այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG