Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան


Մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Դիմավորման արարողությունից հետո այժմ Փաշինյանն առանձնազրույց է ունենում վրացի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, ապա երկու երկրների վարչապետերը լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես կգան:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետից բացի Փաշինյանը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան էր այցելել այս տարվա մայիսին, նաև Ադրբեջանում և Թուրքիայում էր եղել: Հունիսի 12-ին 15 գերի վերադարձավ Հայաստան՝ հատելով վրաց-ադրբեջանական սահմանը, միջնորդական ջանքեր էր գործադրել Թբիլիսին, ինչպես հաղորդվել էր՝ անձամբ վարչապետ Ղարիբաշվիլին:

Հայաստանի ղեկավարի այս այցը հատկապես կարևորվում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին Երևանից, Բաքվից, Անկարայից և Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին:

Պաշտոնավարման ընթացքում սա Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան: Վարչապետ ընտրվելուց օրեր անց Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցը հենց հարևան երկիր էր կատարել, Թբիլիսիից էլ ուղևորվել հայաշատ Ջավախք: Այս անգամ հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ:

Վրաստանում այժմ համաճարակային ճգնաժամ է, կորոնավիրուսով վարակվելու օրական հազարավոր դեպքեր են գրանցվում, ամեն օր 50-ից 80 մարդ է մահանում հիվանդանոցներում, այս պահին էլ մոտ 1500 վարակակիր ծանր վիճակում է: Այդուհանդերձ կոշտ սահմանափակումներ՝ լոքդաուն Վրաստանում հայտարարված չէ, բայց փակ են ուսումնական հաստատությունները, չի գործում հանրային տրանսպորտը:

XS
SM
MD
LG