Մատչելիության հղումներ

Մասնագետները պնդում են` «չեն նահանջելու», պահանջում են վերացնել լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին որոշումը


Ընդդիմադիր պատգամավոր, խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժի, լրագրողական գործունեության սահմանափակումների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ։

ԱԺ խորհուրդը լրագրողներին վերաբերող որոշումն օրերս էր ընդունել։ Ըստ այդմ՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:

Քննարկման մասնակիցները, անընդունելի համարելով լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումը, կարծիք հայտնեցին, որ այն պետք է չեղարկվի։ Լրագրողների գործունեության որևէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, այն չի կարող լինել կամայական, շեշտեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Այս հարցը դարձրել են խնդիր փաստորեն, և լուծում է պահանջում, ինչքան շուտ խորհրդարանական մեծամասնությունը վերանայի իր դիրքորոշումը, արագ վերացնի անօրինական, անհարկի, ոչ ողջամիտ սահմանափակումները, այնքան լավ հանրության համար, ինչպիսին էլ լինեն լրագրողները և լրատվամիջոցները, նրանք շատ տարբեր են, իհարկե, և այնքան շուտ կանցնի Հայաստանի հիմնական խնդիրներին արդունավետ ծառայելու», - կարծում է Բարսեղյանը:

Նախորդ շաբաթ, երբ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագիրը, ու միջադեպեր ու ծեծկռտուքներ տեղի ունեցան պատգամավորների միջև, անվտանգության աշխատակիցները շտապում էին առաջին իսկ վայրկյանից լրագրողներին հեռացնել նաև օթյակից՝ այն վայրից, որտեղից նրանք հետևում են Ազգային ժողովի նիստին, և որտեղ նրանց գտնվելը օրինական է։ Նիստի հեռարձակումն էլ ծեծկռտուքների ժամանակ անմիջապես անջատվում էր։

Որևէ կոմպրոմիսի չպետք է գնալ, հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը` պահանջելով անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումները. «Ես դեմ եմ որևէ կոմպրոմիսի: Պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները, այս սահմանափակումները և մեդիայի խնդիրները միայն մամուլի աշխատողների խնդիր չէ: Դա թափանցիկության, պատգամավորների, ժողովրդի ընտրյալների գործունեության թափանցիկության հարցն է, հաշվետվողականության հարցն է, մեդիայի աշխատանքի հարցն է: Ուղղակի նվաստացուցիչ էր տեսնել, թե ինչպես են վարվում լրագրողների հետ»:

Խորհրդարանում մտցված սահմանափակումների հեղինակը իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Նրանք ևս այսօրվա քննարկմանը հրավիրված էին, բայց չէին ներկայացել։

«Սա նշանակում է, որ իրենք մեզ ասում են, որ իրենց դեմ խաղ չկա, առանց մեզ նախագիծ են մշակում», - նկատեց լրագրող Անի Գևորգյանը:

Իշխող ուժի պատգամավոր, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» հայտնեց` քննարկման այդ նույն ժամին հանդիպում են ունեցել գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։ Ինչ վերաբերում է որոշմանը, կարծում է՝ վերջին փոփոխությունները ոչ թե սահմանափակում են, այլ կանոնակարգում են լրագրողների աշխատանքը:

«Շնորհակալ կլինեմ, եթե լրագրողական համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկեն տարբերակներ, թե ինչպես անենք, որպեսզի Ազգային ժողովում չխաթարվի աշխատանքի բնականոն ընթացքը, այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ հարգված կլինեն և՛ լրագրողների, և՛ պատգամավորների իրավունքները», - նշեց պատգամավորը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն այսօրվա քննարկմանը հայտարարեց՝ վերջին շրջանում խորհրդարանական լրագրողների նկատմամբ կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ և բռնություններ։ Դոյդոյանը նաև խորհրդարանական լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ էր ներկայացրել. «Լրագրողները կատարել են իրենց աշխատանքը Ազգային ժողովի ողջ տարածքում, և այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով, և մենք սրանից որևէ քայլ չպետք է նահանջենք»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս ընդգծեց՝ աննախադեպ ու անընդունելի են վերջին մեկ ամսվա ընթացքում լրագրողների գործունեության սահմանափակումներն ու բռնությունները. «Ինչ վերաբերում է բուն սահմանափակումներին` այն իրավական ակտին, որով լրագրողների գործունեությունը ԱԺ շենքում սահմանափակվեց, դրանք որոշակիորեն հակասում են Սահմանադրության 51-րդ և 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու ազատությունը և մամուլի ազատությունը»:

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը ևս նախկին լրագրող է, հայտնեց, որ քննարկման արդյունքում առաջարկների ու պահանջների մասին փաստաթուղթ կհրապարակեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG