Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԱԺ-ում լրագրողների նկատմամբ նոր սահմանափակումները, կոչ անում վերացնել դրանք


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի մեկ տասնյակից ավելի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտում են Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները՝ կոչ անելով վերացնել դրանք:

«Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից», - ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի Մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի և մյուս կազմակերպությունների երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

Հայտարարությունն ստորագրած լրագրողական կազմակերպություններն արձանագրում են, որ խորհրդարանում վերոնշյալ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու զանգվածային լրատվամիջոցներին աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու. - «Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում»:

«Դատապարտելով այս կամայականությունները՝ մենք պնդում ենք, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում, այլ անհիմն արգելքներ են ստեղծում խորհրդարանում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում դրանց մասնագիտական աշխատանքը։ Այս քայլերը միտված են պատգամավորներին սուր հարցերից և մամուլի քննադատությունից զերծ պահելուն և ակնհայտորեն կարող են խաթարել ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև», - ընդգծում են լրագրողական կազմակերպությունները՝ շարունակելով. - «Մենք տեղյակ ենք և բազմիցս մտահոգություն ենք արտահայտել առ այն, որ Ազգային ժողովում լինում են տհաճ միջադեպեր, երբ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները հատում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմաններն ու ստեղծում են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ։ Սակայն այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել օրինականության, ողջամտության, փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա, որպեսզի ապահովվի ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների աշխատանքի արդյունավետությունը»:

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են խորհրդարանի ղեկավարությունից.

« - անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,

- կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,

- նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG