Մատչելիության հղումներ

ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելը իշխանության վախի դրսևորում է, անթույլատրելի է. ընդդիմադիր պատգամավորներ


Ազգային ժողովի հին մասնաշենքը նորին կապող հատվածը խորհրդարանում հայտնի է որպես «Լաչինի միջանցք»: Նորընտիր խորհրդարանում միջանցքն ամբողջությամբ անցել է պետական պահպանության ծառայության վերահսկողության տակ: Լրագրողների անցուդարձը խիստ արգելված է:

Այս միջանցքը տանում է հիմնականում իշխանական դեպի պատգամավորների աշխատասենյակները: Լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակվել է նաև այլ ուղղություններով:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դռներին այսօր անհնար էր հասնել։ Անվտանգության աշխատակիցների խումբը խիստ հսկում էր։ Դահլիճից խմբակցություն գնացող պատգամավորների հետ զրույցը հենց այստեղ՝ համազգեստավորների շարասյան մոտ ավարտվում էր։

Այսօր ավելի ուշ Ազգային ժողովի նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանը հրաժարվեց բացատրել, թե ինչու են դիմադրում լրագրողների ազատ տեղաշարժին։ Սիմոնյանը տեղաշարժի ռեժիմի փոփոխություն չի նկատել, թեև իր հետ զրույցն էլ հենց այստեղ՝ անվտանգության աշխատակիցների մոտ սահմանափակվեց։

Ազգային ժողովում տեղաշարժի նոր ռեժիմի պատճառով, օրինակ, լրագրողները չեն կարողանում դահլիճից դուրս եկող պատգամավորներին հարցեր ուղղել մինչև աշխատասենյակների դռների մոտ, ինչպես նախկինում։ Նոր ռեժիմի մասին որևէ որոշում ո'չ Ազգային ժողովի կայքում կար, ո'չ էլ ուղեցույց նորընտիր խորհրդարանի պատերին։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով օրեր առաջ էր ահազանգել լրագրողների տեղաշարժը սահմանփակելու իշխանության ծրագրի մասին, այսօր առավոտյան Ազգային ժողովից պաշտոնապես գրություն է ստացել, որ նման որոշում չկա. - «Եթե չկա որոշում, ապա այն չի կարող կիրառվել։ Բայց, ի զարմանս ինձ, փաստորեն հրապարակված փաստաթղթից հետո մենք տեսնում ենք, որ դուք իսկապես ունեք տեղաշարժի խնդիր»։

Նախկին իշխանությունների օրոք էլ փորձ արվել է սահմանափակել լրագրողների տեղաշարժը, որ միջանցքներում չմոտնենան իրենց ուզած պատգամավորին ու հարցեր տան, բայց չի հաջողվել այս մտադրությունը կյանքի կոչել, հիշեցնում է նախկին լրագրող Թովմասյանը. - «Բայց բոլոր փորձերը ձախողվել են։ Եվ մենք ավանդույթի ուժով շարունակել ենք խորհրդարանում իրականացնել մեր աշխատանքը ազատ»։

Խորհրդարանն այսօր նման էր ռազմական գոտու։ Միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակը բազմապատկվել էր։ Նախկինում կոստյումով, իսկ այսօր համազգեստավոր ծառայողները հոծ խմբերով հսկում էին նիստերի դահլիճի դռներն ու լրագրողների համար արգելված ուղղությունները։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի, լրագրողների տեղաշարժը սահմանափակելը իշխանության վախի դրսևորումն է. - «Սա ամենացավալի իրողությունն է։ Լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելը իրենց վախի, իրենց անկարողության, իրենց թուլակամության, թուլամորթության ևս մեկ դրսևորում է։ Պայքարեք, թույլ մի տվեք, մտեք բոլոր տեղերը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների ազատ տեղաշարժի սահմանփակումը անթույլատրելի է համարում։ Իր ղեկավարած խմբակցությունը ամեն ինչ կանի, որ իշխանությունն իր նպատակին չհասնի, խոստանում է պատգամավորը. - «Լրագրողների սահմանափակումները եթե մտնեն ուժի մեջ, դա անթույլատրելի է, և մենք մեր լիազորություննխերի շրջանակներում փորձելու ենք պայքարել դրա դեմ և պաշտպանել զանգվածային լրատվամիջոցների իրավունքները»։

Իշխանությունն ուժեղացրել է նիստերի դահլիճի մուտքերի հսկողությունը։ Բոլոր դռների մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր, և ամեն անգամ դահլիճ մտնելիս պատգամավորներին ստուգում են։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Վանեցյանը տարակուսած է իշխանության վարքից։ Ինչո՞ւ են պետական պահպանության տակ գտնվող շենքի դահլիճի մուտքերն այսքան ուժգին հսկում. - «Հատկապես Ազգային ժողովի նիստերի դահլիճ մետաղորսիչներով անցնելուց հետո մուտք գործելը դա ուղղակի ծիծաղելի է։ Ստեղ կա երկու տարբերակ. կա'մ այս իշխանությունները ուզում են այս ճանապարհով իրենց պատկերացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա, կա'մ ուղղակի իրենք սարսափած են ընդդիմությունից»։

Հոկտեմբերի 27-ի թեմային երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակից Աղվան Վարդանյանը Ազգային ժողովում առնչվել է ամիսներ առաջ, երբ անձնական հանդիպումների նպատակով Ազգային ժողով է եկել. – «Հետո պարզվում է, Ազգային ժողովի նախկին նախագահը ասել է՝ էս ինչ պատահեց, էս ինչ էղավ... Ասել են՝ ի՞նչ ա եղել, պարոն Միրզոյան։ Բա, ասել ա, Վարդանյանը եկավ Ազգային ժողով... Լավ, ասում են, գնացել ա արդեն, ի՞նչ ա եղել։ Ի՜նչ եք ասում, էստեղ Հոկտեմբերի 27 ա եղել... Եթե էդքան սարսափում էին Աղվան Վարդանյանից, որ զուտ այցելել էր Ազգային ժողով, պատկերացրեք իրենց սարսափը ինչքան մեծ կլինի երեսունվեց հոգիանոց արժանապատիվ ընդդիմադիր պատգամավորներից»։

XS
SM
MD
LG