Մատչելիության հղումներ

ԱԺ-ում լրագրողներին առնչվող փոփոխությունները մասնագետները խոչընդոտ ու սահմանափակում են համարում, իշխող ուժը համաձայն չէ


Ազգային ժողովում լրագրողներին առնչվող սահմանափակումները կպահպանվեն, ԱԺ խորհուրդը համապատասխան որոշումն օրերս ընդունեց։ Խորհրդարանում լրագրողների աշխատանքը կթույլատրվի միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:

«Իմ կարծիքով` իրենք ամեն ինչ անում են` փակելու իրենց գործունեությունը հանրությունից, որովհետև այս պահին նույն կերպ վարվում է կառավարությունը. մենք կառավարությունում եթե ժամանակին կարողանում էինք նախարարների հետ զրուցել, խոսել, հիմա անհնար է որևէ նախարարի գտնել: Կառավարության նիստից հետո իրենք տարբեր մուտքերով փախչում են, և մենք չենք կարողանում, նույն կերպ լինելու է խորհրդարանում», - ասում է խորհրդարանի գործունեությունը լուսաբանող, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:

Նրան չի համոզել իշխող խմբակցության պատգամավորների պատճառաբանությունը, թե փոփոխություններն արվում են միայն անվտանգության համար. «Եթե Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գալիս ամեն չորեքշաբթի` ժամը 4-ից մինչև 6-ը, ինչո՞ւ մենք մյուս օրերին չենք կարող աշխատել, եթե Փաշինյանն է խնդիրը, մեզ դուրս անեն: Կամ եթե մենք լրագրողներով մուտք ենք գործում խորհրդարան Բաղրամյան մուտքից, այնտեղ մեզ ՊՊԾ-ն ստուգում է, մեր պայուսակները, ոտքից գլուխ ստուգում են, մեզ ներս են թողնում, մենք ներսում ի՞նչ պետք է անենք»:

Սոնա Գրիգորյանը իշխող ուժի պատգամավորների հեղինակած որոշումը խոչընդոտ է համարում լրագրողների աշխատանքին։ Ասում է՝ դրա պատճառով լրագրողները շատ դեպքերում հնարավորություն չեն ունենա պատգամավորներից մեկնաբանություն վերցնելու։ Կտուժի աշխատանքը, հանրությունն էլ զրկված կլինի շատ հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու հնարավորությունից. «Ինչո՞ւ են որոշել գաղտնի նախագիծ բերել և լրագրողների մուտքն արգելել: Եա այս հարցերին դեռևս պատասխան չեմ ստացել: Օրինակ` ես մեծ սիրով կխոսեի մեր նախկին գործընկեր Գաբրիելյանի հետ, հասկանայի` ինքն ինչու որոշեց, որ մենք վտանգավոր մարդիկ ենք, ինքը վտանգավո՞ր է եղել իր գործունեության ժամանակահատվածում»:

Որոշման հեղինակներից իշխող ուժի պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը վերջին փոփոխությունները ոչ թե սահմանափակում է համարում, այլ կանոնակարգում. «Մենք գտնվում ենք իմ աշխատասենյակում, այսինքն` եթե գնանք, այդ որ մեծ աղմուկ է դուրս եկել, որ սահմանափակում են, լրագրողները չեն կարողանում և այլն, Դուք հիմա ինձ հետ գտնվում եք իմ աշխատասենյակում, ես տալիս եմ հարցազրույց, այսինքն` այս մասով կարծում եմ` որևէ սահմանափակում չկա: Խնդիրը միայն կանոնակարգելն է, այսինքն` ես համապատասխան անվտանգության աշխատակիցներին պարզապես տեղյակ եմ պահում, որ այո, տվյալ անձնավորությունը լրագրող է, օպերատոր է, ես ուզում եմ, օրինակ, իրենց հետ հարցազրույց ունենալ իմ աշխատասենյակում»:

Պատգամավորը համոզված է՝ լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվի իրենց որոշմամբ: Ասում է՝ լրագրողները կշարունակեն մեկնաբանություն վերցնել պատգամավորներից, եթե անգամ չկարողանան գնալ նրանց աշխատասենյակ։ Նախատեսում են հատուկ ճեպազրույցների սրահ բացել։ Լրատվամիջոցների հետ աշխատանքը կանոնակարգելու համար իրենց խմբակցությունում նաև մեդիայի պատասխանատու կա արդեն. «Որպեսզի էլ կարիք չունենաք դուք` որպես լրագրող, քանի որ մենք 71 ենք, ընդդիմությունը` 36, մենք մեր 71 պատգամավորների մասով որոշել ենք ունենալ մեկ միասնական այսպես ասած` կենտրոն»:

«Համայնքին չպետք է որոշումներ պարտադրվեն, համայնքը պետք է մասնակից լինի իրեն վերաբերող, իրան առնչվող որոշումների կայացմանը», - կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը: Շուշան Դոյդոյանը շեշտում է՝ որոշման հեղինակներն անտեսել են լրագրողական համայնքի տեսակետը. «Մասնագիտական համայնքն ինքն իր վրա է կրելու այս որոշումների ազդեցությունը, և զրկել նրան իր կարծիքը հայտնելու, այդ կարծիքը հաշվի առնելու իրավունքից անհարիր է և անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում»:

Նոր սահմանափակումներին լրագրողները բախվեցին մինչև պաշտոնական որոշման ընդունումը, երբ եկել էին լուսաբանելու 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորման նստաշրջանը։

Շուշան Դոյդոյանն ասում է՝ միջազգային փորձը, Եվրոպայի խորհրդի մշակած չափանիշները սահմանում են, որ խորհրդարանում, հանրային մարմիններում լրագրողների տեղաշարժը կարող է սահմանափակվել, և մուտքը կարող է արգելվել երկու՝ կարողության կամ անվտանգության պատճառով։ Բայց համոզված է՝ տվյալ դեպքում այդ պատճառները բացակայում են. «Կարողություն նկատի ունենք տեխնիկական հնարավորություններն այդ շենքի, Ազգային ժողովի պարագայում նման որևէ խնդիր չունենք, երկրորդը անվտանգությունն է, բայց ոչ թե հենց այնպես ասենք` անվտագություն նկատառումով, այլ այդ անվտանգության նկատառումը պետք է հիմնովին, հիմնարար ապացուցված, հիմնավորված լինի և որևէ կասկածներ չթողնի, որ դա պարզապես պատրվակ է լրագրողական համայնքին իրենցից հեռու պահելու, ինչը մենք, ցավոք, էլի ականատես ենք»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը կարծում է, որ լրագրողական համայնքը պետք է իրավական բողոքարկման գործընթաց սկսի խորհրդարանում մտցված սահմանափակումների դեմ։ Վստահ է՝ որևէ քննության չի կարող դիմանալ իշխող ուժի որոշումը: Համոզված է՝ եթե գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա կհաստատվի, որ տեղի է ունեցել ազատ արտահայտման իրավունքի անհամաչափ միջամտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG