Հավերժ պատերազմական իրողությունների մեջ պահել պետությունները սահմանային դիրքերում հնարավոր չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ եթե հրադադարի ռեժիմ է հայտարարված, պետք է այդ ռեժիմի հետ կապված բոլոր գործողությունները դառնան իրականություն։
Կառավարության վերջին նիստի ժամանակ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։
Վարչապետն առաջարկում է, որ շարունակեն խոսել, իսկ խոսելու ընթացքում գտնել այն լուծումները, որոնք կրակոցներով գտնել երբեք հնարավոր չի լինելու՝ ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ հրադադարի պահպանման համար պատասխանատվություն է կրում նաև երրորդ կողմը՝ Ռուսաստանը։
Քոչարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Վարչապետն իր ստացած մանդատը բնութագրում է իբրև խաղաղության մանդատ, բայց ի՞նչ անել այդ մանդատի հետ, եթե հակառակորդը համաձայն չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի մտադրության հետ։
Անդրանիկ Քոչարյան․ - Հետպատերազմյան մեր թերությունները վերացնել, երկրում ձևավորել ներդաշնակ կառավարում, հստակեցնել մեր նպատակները։ Կառավարության ծրագիրը շուտով կբերվի և այդ ծրագրի շուրջ միասնական պետք է մենք իրականացնենք գործողություններ, որը որ հակառակորդին տեսանելի կլինի, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։
«Ազատություն»․ - Այս վերջին մի քանի օրվա ընթացքում, պարոն Քոչարյան, Պաշտպանության նախարարության հայտարարություններում ավելի հաճախ է հաղորդվում ադրբեջանական ուժերի կողմից հրաձգությունը լռեցնելու մասին խոստումներ, իսկ նախարար Արշակ Կարապետյանը հայտարարում է, թե չի համակերպվելու պետական սահմանի խախտումների հետ, բանակը պատասխան գործողությունների է դիմելու։ Ի՞նչ է սա, նոր նախարարն ավելի մարտակա՞ն է տրամադրված, թե՞՝ Հայաստանն է ավելի կոշտացրել իր դիրքորշումն, իր արձագանքները, կարո՞ղ եք մեկնաբանել այս հարցը, պարոն Քոչարյան։
Անդրանիկ Քոչարյան․ - Ես կարող եմ ասել, որ նախարարը, իր պարտականություններից ելնելով, հստակ ձևակերպումներ է տալիս, որ կրակոցները կպատասխանվեն կրակոցով, դիրքային փոփոխությունները, որոնք կարող է առնչվեն Հայաստանի պետական սահմանին անպատասխան չեն մնա և, բնականաբար, բանակաը պետք է մշտապես պատրաստ լինի այդ գործողություններով, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ, ավելի էֆեկտիվ գործողություններ իրականացնելու։
«Ազատություն»․ - Իսկ, օրինակ, հիմա վարչապետը չբացառեց Ադրբեջանի հետ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորությունը՝ «Հայաստանը պատրաստ է բարձրագույն մակարդակներում ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցություններում և Հայաստանը սպասում է կոնկրետ առաջարկների»։ Ի՞նչ է սա նշանակում, որ արդեն վերջ, արդեն կարող ենք բանակցել, ի՞նչն է փոխվել։
Անդրանիկ Քոչարյան․ - Վարչապետն առաջարկում է, որ շարունակենք խոսել, որպեսզի չկրակենք, իսկ խոսելու ընթացքում պետք է գտնենք այն լուծումները, որոնք կրակոցներով գտնել երբեք հնարավոր չի լինելու, և հավերժ պատերազմական իրողությունների մեջ պահել պետությունները սահմանային դիրքերում, այդպես հնարավոր չէ։ Եվ վերջին հաշվով, եթե հրադադարի ռեժիմ ենք հայտարարել, պետք է այդ ռեժիմի հետ կապված բոլոր գործողությունները դառնան իրականություն։ Չի կարող այսօր մենք անենք բաներ, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։ Դա նշանակում է, որ այդ ռեժիմի պահպանման մեջ կա նաև երրորդ կողմ ևս, որը նաև կրում է պատասխանատվություն այդ հրադադարի պահպանման համար, դա Ռուսաստանի Դաշնությունն է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․