Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է ներգրավվել բանակցային գործընթացում, սպասում է կոնկրետ առաջարկների


Հրադադարի խախատումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջագային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։

«Ասել եմ, որ կարծում եմ, որ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ, եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը։ Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», - ասաց Փաշինյանը։

Օրակարգի կարևոր հարցերից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է

Նա ընդգծեց՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։

«Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունը, տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, կան հարցեր, որոնց լուծումը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ գնալ լուծումների։ Արագ լուծվող հարցերից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ, որ օր առաջ պետք է վերսկսենք աշխատանքը փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»

«Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է ակտիվանան», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով՝ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը տարաշրջանում անթույլատրելի է, դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։

«Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված այսպես կոչված «ավարի պուրակի» օրինակով, որն անարգանք էր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը», - ասաց վարչապետը շեշտելով՝ թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա տարածաշրջանային արտաքին քաղական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը, հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

«Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի»

«Ցավոք որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել՝ սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ Հայաստանն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու է և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար», - ասաց կառավարության ղեկավարը՝ շեշտելով՝ Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի։

«Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության, նաև ուղիղ շփումների միջոցով», - եզրափակեց վարչապետը։

XS
SM
MD
LG