Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:
Այսօր երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին ներկայացնելով զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին՝ Կարապետյանը մասնավորապես հայտարարել է. - «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է: Դրա համար, կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները՝ կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։
Նախարարը եղել է նաև զորամիավորման ենթակա զորամասերում, ծաղիկներ խոնարհել Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծանոթացել ստորաբաժանումների ուսումնական և սոցիալ-կենցաղային պայմաններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր արձանագրած բոլոր թերություններն ու բացթողումները։
Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու համար՝ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ», փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի ավարտին Արշակ Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով։