Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են Հայաստանի և ողջ ՀԱՊԿ-ի համար. Ստանիսլավ Զաս


Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ խուսափելով, սակայն, հասցեական մեղադրել Ադրբեջանին Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։

Զասը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան՝ Հայաստանում արժանանալով անթաքույց հրապարակային քննադատության՝ ՀԱՊԿ փաստացի անգործության պատճառով։

«Իհարկե, արդեն ասել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին նման բախումները սպառնալիք են ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր ողջ ռազմաքաղաքական դաշինքի, այս տարածաշրջանի անվտանգության համար։ Ցավոք, այդպես է։ Տեսնում ենք, որ ներկայում այդ խնդրի կարգավորման հնարավոր ճանապարհ է քաղաքական-դիվանագիտականը, բանակցությունների ճանապարհը, և այդ ներուժը դեռ չի սպառվել։ Ուստի, ելնելով այդ գիտակցումից... դա մեր գիտակցումը չէ, այլ մեր բոլոր անդամ-երկրների գիտակցումն է, այժմ մենք կառուցում ենք մեր աշխատանքը. չխանգարել, այլ օգնել այդ գործընթացին», - նշեց Զասը։

Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գնդակոծվում ու հրթիռակոծվում էր Հայաստանի տարածքը, և՛ այս մայիսից 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց հանրապետության տարածք, իսկ սահմանային մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, ՀԱՊԿ-ը փաստացի անգործություն դրսևորեց` խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։

Հնարավոր է Կրեմլի առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքի նման պահվածքի պատճառներից է այն հանգամանքը, որ Ստանիսլավ Զասը հանդիսանում է Բելառուսի ներկայացուցիչը` մի երկրի, որ Ռուսաստանից հետո Ադրբեջանին մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն վաճառած ՀԱՊԿ երկրորդ երկիրն է։ Ռազմաքաղաքական հարցերում Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է նաև այսօր։

Ռուսական և բելառուսական այդ սպառազինությունը Ադրբեջանը լայնորեն կիրառեց 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ միայն հայկական զինուժի, այլև խաղաղ բնակավայրերի դեմ` պատճառելով բազմաթիվ զոհեր։

Երկօրյա աշխատանքային այցի վերջին օրը՝ այսօր նախատեսված է, որ Զասին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հյուրընկալել էին Հայաստանի արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, գերատեսչության փոխանցմամբ, Զասի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:

«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», - նշել է Կարապետյանը։

XS
SM
MD
LG