Մատչելիության հղումներ

Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի. Փաշինյան 


Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի և տարածաշրջանի խաղաղությունը Երևանի երկարատև ռազմավարությունն է՝ այսօր բացելով կառավարության նիստը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հայկական զինված ուժերը զարգանալու են ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները, թե հայկական զինված ուժերի բարեփոխումների նպատակը սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելն է:

«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հայաստանը պատրաստ է բարձրագույն մակարդակում ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցություններում և սպասում է կոնկրետ առաջարկների. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նաև ընդգծեց «սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»։

«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պետք է լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը: Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», - հայտարարեց Փաշինյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն, մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար: Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների​: Նման հարցերից մեկը, որը կարծում եմ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարծաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից», - ընդգծեց նա:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափով աշխատանքները վերսկսելու մասին Փաշինյանի հայտարարությունը ուշագրավ է, որովհետև այդ հարթակում Երևանի ներկայացուցիչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելի քան երկու ամիս առաջ լրագրողներին հայտարարեց, թե աշխատանքները դադարեցված են՝ սահմանին առկա իրավիճակի պատճառով։ Պաշտոնական Երևանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք փոխվարչապետերի ձևաչափով բանակցությունները կվերսկսվեն միայն այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը հեռանա Հայաստանի տարածքից։

«Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով», - նշել է Գրիգորյանը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարած Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմքում իրողությունն է՝ պատերազմում Հայաստանը պարտվել է և տեսանելի հեռանկարում քիչ հավանական է, որ հայկական զինված ուժերը կկարողանան իրավիճակ փոխել Արցախում և Հայաստանի սահմանին։

«Վարչապետն իր համար քաղաքական նպատակ է դրել, և նա, ըստ էության, չի էլ թաքցնում, իրենց մանդատը նրանք անվանում են խաղաղություն բերելու մանդատ, խաղաղության մանդատ: Վարչապետը տեսնում է Հայաստանի ապագան իր հարևանների հետ հարաբերությունները կարգավորած և դեպի խաղաղության գնացող Հայաստանի ապագա: Հիմա սրա ճանապարհին մենք ինչը կկարողանանք պահել և ինչը ստիպված կլինենք զիջել, ցույց կտա բանակցությունների փուլը: Այդ բանակցությունները մեզ համար ամենաշահավետ տարբերակը կլինե, այո, Մինսկի խմբի համանախագահության բանաձևով», - ասաց Քոչինյանը:

XS
SM
MD
LG