Պաշտպանության նախարարությունը Գեղարքունիքի հատվածում սահմանային վերջին բախումից հետո տարածած հաղորդագրության մեջ նշել սպասվող մոսկովյան բանակցությունների մասին։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրանք բանակցություն անվանելը վաղաժամ է համարում, ասում է քննարկումներ են. - «Բանակցություններ ասելը մի քիչ վաղաժամ է, բայց քննարկումներ են, որ միտված են նմանատիպ գործողությունները հեռու պահելու»։
Ռուսաստանյան «Ինտերֆաքսից» տեղեկացանք, որ նախատեսված էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի այցը Մոսկվա, որտեղ հնարավոր էր հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։
ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը այսօր ըստ էության չհերքեց հնարավոր հանդիպման փաստը. - «Հանդիպումներ միշտ էլ լինում են իրավիճակային լուծումներ գտնելու համար։ Բայց բովանդակային մասով... դա երևի ռազմաքաղաքական ղեկավարության հետ պիտի քննարկեք, որովհետև իրենք են մասնակցում»։
Իսկ թե հանդիպմանը ինչ փաստաթուղթ են քննարկում, ԱԱԾ փոխտնօրենն ու խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղյակ չեն։
Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, չբացահայտելով իր աղբյուրներին, մի հոդված էր հրապարակել քննարկվող փաստաթղթի հնարավոր բովանդակության մասին։ Ըստ այդմ՝ Բաքուն պնդում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց սահմանները, և Արցախից մնացած մասը ստանա ինչ-որ տեսակի կարգավիճակ, ասենք՝ մշակութային ինքնավարություն։ Սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսվի, որի կարևոր պայմաններից մեկը անկլավների հարցն է։ Ինչպես նաև Ադրբեջանը ազատ ուղի ստանա Հայաստանի տարածքով՝ կապվելով Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը ոչ թե այս բովանդակության, այլ փաստաթուղթը հրապարակողներին էր վերաբերվում. - «Թաթուլ Հակոբյանը ո՞վ ա... Գոնե մեր բախտը բերել ա, որ մեր հայտնի փեսան վաղուց լռել ա... հիմա պարզվեց, որ փեսան ունի բավականին շպիոններ պետական կառավարման համակարգում։ Սոցիալական ցանցերը ողողված են տարաբնույթ տեղեկատվությամբ, բայց մենք պետք է շարժվենք այն տրամաբանությամբ, ինչ որ մեր երկիրը իրականացնում է... Ձեր նախանշած փաստաթղթի մասին ես տեղեկություն չունեմ»։
8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշիքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը վտանգավոր է համարում բանակցությունների և փաստաթղթի շուրջ պահվող գաղտնիությունը. - «Շարունակում են գաղտնիությամբ պարուրված լինել արտաքին քաղաքականության շատ հարցեր, և այնպիսի հարցեր, որոնք ուղղակի ազդեցություն ունեն, կենսական ազդեցություն ունեն մեր վրա, մեր ապագայի վրա, մեր երկրի վրա։ Այս իրավիճակում չեմ կարող ասել, թե այդ գաղտնիությունը ինչքանով է բխում Հայաստանի պետական շահից։
Մինչ հնարավոր բանակցությունները գաղտնի են պահվում, սահմանային լարվածությունը շարունակվում է։ Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի որպես լուծում երեկ կառավարության նիստում կրկնեց սահմանին ռուս դիտորդներ տեղակայելու իր առաջարկը։ Այս անգամ սակայն, նա խոսեց ոչ թե միայն Սյունիքի ու Գեղարքունիքի, այլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքի մասին։
Հարցին, թե այդ առաջարկից հետո ինչ արձագանք ունեն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը շատ տրամաբանված է, և նման առաջարկ անելուց առաջ, որպես կանոն, պետք է տեղի ունեցած լինեին նաև խորհրդակցություններ»։
Ծնունդով վարդենիսցի պատգամավոր Թովմասյանը վստահ է, որ պետք է հզորացնել սեփական պաշտպանական համակարգը։ Նա մտահոգիչ է համարում այլ երկրի զինված ուժերին սեփական սահմանների պաշտպանությունը վստահելը. - «Հայկական զինուժը պետք է լինի մեր սահմանները պաշտպանողը։ Այլ հարց է, որ եթե դիտորդական առաքելություն կգա, կամ ինչ-որ սարքեր կտեղադրվեն, սրանք լրացուցիչ անվտանգային միջավայր գուցե կստեղծեն։ Մենք մեր հույսը պիտի դնենք մեր վրա, պիտի ուժեղացնենք մեր բանակը, շտկենք և ուղղենք մեջքներս։ Այլընտրանք չունենք։ Պետք է շուտ ելքը գտնվի, որովհետև այս վիճակով մենք երկար չենք կարող սահմանամերձ բնակիչներին պահել բնակավայրերում։ Մարդիկ ուղղակի ուղղակի ուզում են անվտանգ կեցավայր, անվտանգ միջավայր, և այդ միջավայրը պիտի պետությունը իր համար կառուցի, ստեղծի»։
Այս համատեքստում նա մտահոգիչ է համարում նաև, որ չնայած մայիսի 12 -ից սահմանի այդ հատվածը պայթյունավտանգ է, Ադրբեջանի զինված ուժերին դեմ-դիմաց կանգնած են եղել ժամկետային զինծառայողներ։ Վերջինն 3 զոհերից 2-ը ժամկետայիններ են, և, պատգամավորի տեղեկություններով, վիրավորներից մեկը ընդամենը մի քանի օրվա ծառայող է. - «Ստացվում է, որ մենք, ըստ էության, մարտական պատրաստություն չստացած մարդկանց ենք տանում առաջնագիծ։ Այս վերաբերմունքը պետք է օր առաջ վերանայվի։ Պաշտպանության նախարարներին փոխելով հարցը չի լուծվում»։
Ի պատասխան հարցին, թե արդյոոք խնդիր չեն տեսնում, որ նախընտրական ծրագրով պրոֆեսիոնալ բանակի անցնելու խոստում տված իշխանությունը սահմանի ամենալարված հատվածում կանգնեցրել է ժամկետայիններին, Անդրանիկ Քոչարյանը հորդորեց հարցը բարձրացնել արդեն ութերորդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի մոտ՝ չհերքելով, ի դեպ, որ ինքն առաջադրվելու է այդ պաշտոնում. - «Ես շատ խնդիրներ եմ տասնում, բայց իմ խնդիրը նաև խնդիրներին լուծում գտնել ա՝ կառավարության հետ միասին»։