Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանականները դատապարտում են Բաքվի հայտարարությունները, կոչ են անում պահպանել հրադադարը


Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ, արխիվ
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ, արխիվ

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևն ու Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես դատապարտել են պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վկայակոչումը որպես ադրբեջանական «նախնյաց երկիր»՝ համարելով դրանք խիստ անպատասխանատու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարող։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը իր ֆեյսբուքյան էջում:

Հանձնաժողովը նաև հրապարակել է եվրախորհրդարանականների հայտարարության անգլերեն տեքստը, որում եվրոպացի գործիչներն իրենց ցավակցություններն են փոխանցում հուլիսի 28-ին սահմանի Գեղարքունիքի հատվածում զոհված երեք զինծառայողների ընտանիքներին և ընդգծում. - «Դժբախտաբար, սա սոսկ ամենավերջինն է նախորդ ամիսների միջադեպերից և սադրանքներից, այդ թվում՝ միջպետական սահմանի խախտումը, որն սկսվեց մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժմամբ: Պակաս մտահոգիչ չէ Նախիջևանի սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինծառայող զոհվեց»:

Եվրախորհրդարանականները կողմերին կոչ են անում խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրանքներից՝ շեշտելով. - «Սահմանի վերաբերյալ բոլոր հնարավոր տարաձայնությունները պետք է հասցեագրվեն սահմանազատման և սահմանագծման հարցով բանակցությունների, այլ ոչ թե ուժի գործադրման և միակողմանի գործողությունների ճանապարհով: Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը և հրադադարի մասին եռակողմ համաձայնության դրույթներին համապատասխան»:

Հայտարարության հեղինակները նաև հիշեցնում են Եվրամիության հանձնառությունը՝ աջակցելու կողմերի միջև փոխադարձ վստահությանն ուղղված միջոցառումներին և բանակցությունների սեղանի շուրջ խնդիրների հասցեագրմանը, այդ թվում՝ հակամարտության կարգավորման և «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի շուրջ» բանակցությունների վերսկսմանը:


XS
SM
MD
LG