Մատչելիության հղումներ

Մոսկվան չի մեկնաբանում Փաշինյանի առաջարկը, սակայն պատրաստ է աջակցել իրավիճակի կայունացմանը


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանցի սահմանապահներ և ՀԱՊԿ դիտորդներ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի երեկվա հայտարարությունը ո՛չ Կրեմլը, ո՛չ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը չեն մեկնաբանել: Աննկատ այդ հայտարարությունը չեն թողել, բայց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չեն մեկնաբանել:

Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարություն է հրապարակել իր կայքում, որում լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում մարդկային զոհերի պատճառ դարձած վերջին զինված միջադեպերի կապակցությամբ:

44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայած Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև նշում է, որ ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, և կողմերին կոչ է անում բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

Պաշտոնական Մոսկվան հերթական անգամ շեշտում է, թե պատրաստ է շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը կարգավորելու համար և հերթական անգամ առաջարկում է հնարավորինս արագ անցնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին:

Երեկ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում վերահաստատել են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:

Այս հայտարարության տակ ստորագրել է նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Խովաևը, որ փոխարինել է Իգոր Պոպովին։

Մոսկվան մի կողմից` որպես Մինսկի խմբի համանախագահ, կոչ է անում շարունակել բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ, որը նշանակում է նաև բանակցություններ Արցախի կարգավիճակի շուրջ, մյուս կողմից` կոչ է անում հնարավորինս արագ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Իսկ ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու Փաշինյանի առաջարկը պաշտոնական Մոսկվան թողնում է առանց մեկնաբանության, գոնե հրապարակավ` սահմանափակվելով ընդհանուր հայտարարություններով, ինչպես երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր ասել. «Շփումները պաշտոնական Երևանի հետ շարունակվում են, ավելացնելու բան չունեմ»։

Ռուս փարձագետները հակառակը` Փաշինյանի երեկվա հայտարարությունը ակտիվ մեկնաբանում են՝ մի մասը նշում է, թե սահմանը պաշտպանելը լուրջ գործ է, որը սկսելու համար լուրջ աշխատանք պետք է կատարել։ Մի մասն էլ ասում է, թե հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելը նշանակում է, որ Մոսկվան միանշանակ ընդունում է հակամարտող կողմերից մեկի կողմը, ինչը Մոսկվային այսօր ընդհանրապես պետք չէ։

Քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը, սակայն, համարում է, թե ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին բխում է Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերից, սակայն նման քայլի Մոսկվան կարող է գնալ միայն սահմանազատման աշխատանքներից հետո, երբ հստակ լինի բոլորի համար` որն է սահման։

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով` Հայաստանին անհրաժեշտ են ռուս սահմանապահներ, ավելի շուտ ոչ թե որպես իրական ուժ, այլ որպես Ադրբեջանի հետ հակամարտությունում Ռուսաստանի մասնակցության «երաշխիք»:

«Կարծում եմ, որ հիմնական բեռը կրելու են հայերը, իսկ մերոնք ցույց կտան, որ նրանք նույնպես ներկա են այնտեղ: Սա «պատանդների» պրակտիկա է, ինչպես հիմա ՆԱՏՕ-ի զորակազմը նստած է մերձբալթյան երկրներում», - ասել է նա:

Gazeta.ru-ն մեջբերում է նաև վերլուծաբան Ալեքսեյ Արբատովի կարծիքը, ով համարում է, որ ամենայն հավանականությամբ հայ-ադրբեջանական սահմանն իրականում դառնալու է ռուս-թուրքական սահման։

«Սա բարձր մակարդակի քաղաքական որոշում է: Սա Ռուսաստանի ներկայության երաշխիքն է ոչ միայն Ղարաբաղում, այլև ողջ տարածաշրջանում: Ադրբեջանը թուրքերին կհրավիրի։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կլինի հստակ ջրբաժան: Դա կլինի երկու կողմերից առաջ մղված ռուս-թուրքական սահմանը», - գրում է ռուս վերլուծաբանը:

Այլ հարց է, որ քաղաքագետներից շատերի կարծիքով` այսօր Կրեմլում դեռ չեն հասկացել, թե որն է Մոսկվայի համար «կարմիր գիծը» Ղարաբաղում և Հայաստանում Բաքվի ու Անկարայի հետ բանակցություններում։

Միևնույն ժամանակ ռուսական մամուլն ամեն դեպքում մեծ ուշադրությամբ հետևում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ Հայաստանի իշխանությունների շփումներին և առիթը բաց չի թողնում, օրինակ` «Ֆրանսիան ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր ֆորպոստը» վերնագրով և տրամաբանությամբ հոդվածներ հրապարակել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG