Ռազմական գերատեսչությունից հաղորդում են, որ թռչող սարքի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3,5 կիլոմետր դեպի հյուսիս։ Պայթյունի ձայները նաև Վարդենիսում են լսվել։
Բնակիչներից Հասմիկ Գևորգյանը պատմում է. - «Ուժեղ ձայն էր, մեզ թվաց ամպրոպ ա, բայց որ արդեն երկնքին նայեցինք, տեսանք, որ ինչ-որ հրե գնդի նման բան էր, երևի մեր հակաօդային պաշտպանության մեր գործողություններին էին։ Հետ էին վարժվել էդ ամեն ինչից, արագ չընկալեցինք ինչ ա կատարվում։ Հետո ձայնը ուժեղ եղավ մի տասնհինգ վայրկյանի չափ»։
Մեկ ժամ տարբերությամբ հաջորդ պայթյունն է լսվել, ասում է Հասմիկը, բայց այդ անգամ ձայնն ավելի ցածր է եղել։
44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանան զինուժի անօդաչուները Հայաստանի տարածքում ամենաշատը Գեղարքունիքի հատվածում են խոցվել։
«Ոնց որ հետ էինք վարժվել, նորից վերապրեցինք էդ ամեն ինչը», - ասաց Հասմիկ Գրիգորյանը։
Մինչդեռ Հայաստանի ռազմական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրություններից ժամեր առաջ ադրբեջանական կողմը հասցրել էր հերքել տեղեկությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում լուրը, որ հայկական կողմը Ադրբեջանի զինուժին պատկանող անօդաչուներ է խոցել։
Գեղարքունիքի սահմանային հատվածում իրավիճակը լարված է անցած շաբաթվանից։ Այս շաբաթ փոխհրաձգության հետևանքով 3 հայ զինծառայող զոհվեց, 6 զինծառայող էլ վիրավորվեց։ Այսօր նույն սահմանամերձ Սոթքում, Կութում հարաբերական հանգիստ իրավիճակ է եղել, կրակոցներ չեն լսվել, ասում է այս ու մի շարք այլ գյուղերը միավորող Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Համայնքապետը, սակայն, շեշտում է, որ ադրբեջանական կողմից ամեն րոպե են սպասում սադրանքի. - «Էս պահի դրությամբ հանդարտ է՝ իմ իմացած տեղեկություններով։ Եթե ինչ-որ նոր բան էս պահին չի սկսվել, էսօր օրը հանդարտ ա անցել։ Բայց դե հաշվի առնելով մեր թշնամու լկտիությունը, ամեն պահի էլ մեր համար սպասելի ա, որ կարա ինչ-որ սադրանք անի, կրակոց կամ որևէ բան»։
Անօդաչուների խոցման կամ Հակաօդային պաշտպանության գործարկման ձայները, Հակոբյանի խոսքով, Վարդենիսի տարածշրջանի գրեթե բոլոր համայքներում են լսվել. - «Մեր բնակավայրերի վրա են եղել։ Սահմանը անցել են։ Անօդաչուն որ գալիս ա, ինքը պտտվում ա... ես չգիտեմ մտնելու պահի՞ն են կարողացել ոչնչացնեն, թե՞ որոշակի իրա պտտվելուց հետո»։
Կեսօրից հետո ռազմական գերատեսչությունից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Կրկին թիրախում Արարատի մարզի Երասխում տեղկայաված հայկական դիրքերն են եղել։
«Ժամը 11։20-ից մինչև 11։30-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Ըստ նախարարության, հայկական կողմում տուժածներ չկան: Երախսում մի քանի օր խաղաղ էր, գյուղացիները կրակոցների ձայներ չէին լսել։
«Ինտենսիվ չի եղել, մի կես ժամ կրակեցին իրար վրա, դադարեցին», - ասում է Երասխի բնակիչ Յուրիկ Նիկողոսյանը։