Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է աջակցել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Պաշտոնական Մոսկվան պատրաստ է աջակցել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը և քայլեր ձեռնարկել, որպեսզի տարածաշրջանը վերածվի կայունության գոտու, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս արձանագրված զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Ցավոք, իրադրությունը շարունակում է մնալ լարված», - հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որ կարող է է՛լ ավելի վատթարացնել սահմանային իրավիճակը, և տարաձայնությունները հարթել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

«Ռուսաստանը պատրաստ է նաև առաջիկայում ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը», - հայտարարել է կառույցը՝ որպես լուծման ճանապարհ նշելով լարվածությունը թուլացնելու միջոցառումները, ինչպես նաև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկը։

«Մտադիր ենք ակտիվ աշխատել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի կայունության, անվտանգության ու բարգավաճման գոտու՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համահունչ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Այսօր էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրեց գիշերը սահմանի նույն հատվածում անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու, ինչպես նաև կեսօրից քիչ առաջ Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG