Մատչելիության հղումներ

Արևմուտքի ակտիվությունը նշանակում է՝ Ադրբեջանը կարող է որոշակի գին վճարել. Գրիգորյան 


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը Ադրբեջանի նախագահի նպատակն է՝ «կարմիր գծեր» ստուգել, սակայն արդեն ինչ-որ նշաններ կան, որ Իլհամ Ալիևի վարքագիծը որոշակի անհանգստություններ է առաջացրել, և տարածաշրջանում արևմտյան տերությունների ակտիվանալը՝ Եվրամիության կողմից Հայաստանին 2.6 միլիարդ եվրո աջակցությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը՝ սահմանափակել Ադրբեջանին ուղղված ռազմական աջակցությունը, նշանակում է, որ Ադրբեջանը կարող է որոշակի գին վճարել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն» - Օրեր առաջ Երասխի ուղղությամբ հաղորդվեց, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, որ ադրբեջանական կողմն ականանետեր է կիրառել, ԱԹՍ-ներ է կիրառել, նախորդ ժամերին նմանատիպ հաղորդագրություն ԱԹՍ-ի մասով տեսանք Վարդենիսի ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ մայիսի կեսերից էսկալացիան աստիճանաբար մեծանում է: Ձեր գնահատմամբ` ո՞ւր են տանում այս զարգացումները, մինչև ո՞ւր կհասնի:

Արման Գրիգորյան - Ինչ-որ առումով ես կարծում եմ, որ Ալիևը «կարմիր գծեր» է ստուգում` ինչքան կարող է անել և մարսել, մինչև որ կետը նա կարող է դա անել առանց լուրջ միջամտության, արդեն ինչ-որ նշաններ կան, որ Ալիևի վարքագիծը որոշակի անհանգստություններ է առաջացրել: Ես կարծում եմ, օրինակ, որոշ հայտարարություններ հատկապես արևմտյան ճամբարից և հատկապես Հայաստանին հատկացված այդ 2.6 միլիարդ եվրոյի օգնությունը միայն նյութական աջակցության ազդակ չէր, դա նաև քաղաքական աջակցության ազդակ էր:

Հիմա մի բան է այն, որ միջազգային հանրությունը հարաբերականորեն անտարբեր գտնվեց անցյալ տարվա պատերազմի ժամանակ, այսինքն` չպաշտպանեցին նրանք Հայաստանին որևէ կերպ, լրջորեն չդատապարտվեց փաստորեն Ադրբեջանի վարքագիծը, որովհետև անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, միջազգային հանրությունը համարում էր, որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը:

Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով, և արդեն խոսքը գնա Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը շատ ավելի լուրջ պրոբլեմներ կունենա: Ինձ կարող եք ասել, որ արդեն նման խախտումներ եղել են, և արձագանքները բավարար չեն, նորից եմ ասում` թերևս սրանք խախտումների այն մակարդակն են, որը չի ենթադրում շատ ուժեղ հակազդեցություն, որի համար բոլորը համարում են, որ շատ արմատական հակազդեցությունը անհրաժեշտ չի, դեռ ուրիշ գործիքներ կան, ուրիշ գործիքակազմ կա, ուրիշ միջոցներ կան և այլն, բայց եթե այս ագրեսիվ վարքագիծը շարունակվի, ինձ թվում է` ինչ-որ հակազդող բաներ կլինեն Ադրբեջանին:

«Ազատություն» - Տեսեք, ադրբեջանական զինուժը մայիսի 12-ից ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, օկուպացրել է փաստորեն այդ տարածքի մի մասը, առայսօր հրաժարվում է հեռանալ, Ադրբեջանի նախագահն ասում է, որ գիտեք` դրանք մեր տարածքներն են, կրակ են բացում մեր ուղղությամբ, հայաստանցի զինվորականներ են զոհվում, ականանետեր են կիրառում, ԱԹՍ-ները խախտում են մեր օդային տարածքը, բայց Ռուսաստանը չի արձագանքում: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը:

Արման Գրիգորյան - Այն, ինչ մի քիչ առաջ ասացի, ասացի` Ռուսաստանում թերևս համարում են, որ սա ագրեսիվ վարքագծի այն մակարդակը չի, որը պահանջում է ՀԱՊԿ-ի համապատասխան դրույթի կիրառում, որը պահանջում է ակտիվ ռազմական միջամտություն Ռուսաստանի կողմից, այսինքն` նորմալ առումով կարող ենք, իհարկե, մենք դա ակնկալել, իհարկե Հայաստանի տարածք են մտել նրանց զինված ուժերը և այլն, բայց նրանք նաև թերևս համարում են, որ այլ մեթոդներ կան կարգավորելու, հանդարտեցնելու իրավիճակը, և քանի դեռ այդ մեթոդները չեն սպառվել, թերևս ժամանակավրեպ է կամ շուտ է ռազմական միջամտության մասին խոսելը:

Ես հենց դա էի ասում, որ ինչ-որ «կարմիր գծեր» են ստուգվում: Ես վստահ եմ, որ շատ արդեն բացահայտ լայնածավալ ագրեսիայի դեպքում և՛ այդ դրույթը կկիրառվի, և՛ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները կկիրառի:

Ես մի բան էլ եմ ուզում այս կապակցությամբ նշել` վերջին երկու օրերի ընթացքում էր, ճիշտ չեմ հիշում երբ, բայց ԵԱՀԿ-ն նույնպես հայտարարություն արեց և չդատապարտեց փաստորեն, կոչ արեց ինչ-որ վերադառնալ բանակցությունների սեղանին, հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Եվ այնտեղ մի շատ հետաքրքիր դրույթ կար, որ պետք է անշեղորեն իրականացնել նոյեմբերի 9-ին ձեռք բերած պայմանավորվածությունները: Հիմա թե դա ինչ է նշանակում, կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել, բայց փաստը մնում է փաստ, որ միայն Ռուսաստանը չի, որ այսչափ համբերատար է վերաբերվում Ադրբեջանի վարքագծին: Նույն համբերատարությամբ, կարելի է ասել, վերաբերվում են մեր մյուս գործընկերները: Չնայած նորից եմ ասում` որոշ ազդակներ, ազդանշաններ կային, որ ավելի մեծ ագրեսիայի դեպքում, ավելի ամբարտավան վարքագծի դեպքում Հայաստանը թերևս մենակ չի մնա, քաղաքական աջակցության ինչ-որ նշույլներ կան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG