Մատչելիության հղումներ

Բայրամովը Կլաարին վստահեցրել է, թե «Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ»


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հեռախոսազրույցում:

«Կողմերը մտքեր փոխանակեցին եռակողմ հայտարարությունների և տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց երկու պետությունների սահմանին լարվածության վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Բայրամովը զրուցակցին վստահեցրել է, թե ադրբեջանական բանակը պատասխանում է հայկական կողմի «ռազմական սադրանքներին, Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգային սահմանները»:

«Ընդգծվեց, որ Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ և այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, նույն օրը կայացել է Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Տոյվո Կլաարի հեռախոսազրույցը, ըստ Արտգործնախարարության՝ քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Այսօր առավոտյան էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց գիշերը սահմանի նույն հատվածում անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու մասին։

XS
SM
MD
LG