Մատչելիության հղումներ

Քաղաքագետը վստահ է, որ եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա «մթնոլորտ կփոխի»


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան

Արտգործնախարարությունից առայժմ չեն մեկնաբանում, թե արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը մտնում է Հայաստանի առաջիկա ծրագրերում։

ԱԳՆ-ն երեկ հայտարարել էր, թե «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառմանն ի պատասխան գործի են դնելու միջազգային իրավունքով վերապահված ողջ գործիքակազմը»։

Մինչ այդ հայաստանյան մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք առաջացնելու հիմքով։

Հայտարարությունը ստորագրել է նաև Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունը։

«Մենք կապեցինք մեր կյանքը, մեր ապագան... չեն աշխատում։ Օրինակ, եթե այդ անվտանգային համակարգերը աշխատեին, իրոք, ի՞նչ իմաստ ուներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել, եթե ՀԱՊԿ-ը գոնե մի հայտարարություն աներ ու քննադատեր Ադրբեջանին։ Կամ Ռուսաստանը գոնե մի հարցում ի օգուտ մեզ լուծում տար։ Բայց քանի որ դրանք չեն աշխատում, դու պետք է այլ ինստիտուտներին դիմես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և շարք այլ կազմակերպությունների հայտարարությունում նշվում է նաև, որ դիմելու համար ծանակշիռ հիմքեր կան՝ Հայաստանի տարածք ներխուծած ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում են Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան։ Իսկ վերջին օրերին արդեն, օգտվելով պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ։

Ստեփան Գրիգորյանը հավելում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու գլխավոր նպատակը առաջին հերթին ստեղծված իրավիճակի մասին միջազգային հանրությանը ճիշտ մեսիջներ փոխանցելն է. - «Ռեալությունը իմանա։ Որ ոչ մի դեպքում մենք մեր հարցերով չմնանք ռուս-թուրքական տիրույթում, դուրս բերենք... Ռուսաստանը իր շահը ունի, Թուրքիան իր շահը ունի... հասկացանք։ Բայց երբ որ դու սահմանափակվում ես շատ փոքր թվով երկրներով, դու կորուստներ կունենաս։ Հիմա ի օգուտ մեզ չի զարգանում իրավիճակը տարածաշրջանում։ Վերջին ժամանակներս մի քիչ դրական տենդենցներ մենք տեսանք, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եկան, սկսեցին ավելի ակտիվ աշխատել, ու վախեցավ Ադրբեջանը։ Հենց դրա պատճառով էլ սրում է իրավիճակը»։

Գրիգորյանը վստահ է, որ այս գործընթացում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամներից 2-ը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին, իսկ Ռուսաստանը կփոխի մոտեցումները. - «Ու դա մթնոլորտը կփոխի։ Ու Ռուսաստանն էլ այլ ձևով կվարվի մեզ հետ։ Ավելի հակված կլինի ինչ-որ հարցեր գոնե հօգուտ մեզ լուծել»։

Հայտարարության հեղինակները նպատակահարմար են համարում են նաև դիմել ԵԱՀԿ-ին՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով։

Գրիգորյանի խոսքով, ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբն աստիճանաբար կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց ԵԱՀԿ-ն իր հերթին կարող է օգտակար լինել. - «ԵԱՀԿ-ն մեզ մոտ զարմանալիորեն կապում են միայն Մինսկի խմբի հետ։ ԵԱՀԿ-ն ինքը զբաղվում է նաև անվտանգային հարցերով։ Ուրեմն մենք պետք է ոչ միայն Մինսկի խմբի կոնտեքստով աշխատենք, նաև ԵԱՀԿ-ի հետ աշխատենք»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հրատապ անհրաժեշտություն չի տեսնում ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու, ինչպես հայտարարում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Նրա կարծիքով, Ադրբեջանի սադրանքնների դեմ կարելի է պայքարել ոչ թե միջազգային կառույցներին դիմելով, այլ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձացնելով. - «Ադրբեջանական սադրանքների դեմ գործողությունների հրատապ մեկ միջոց կա, և այդ միջոցը գործի դրվեց Գեղարքունիքի մարզում։ Դա հայկական զինված ուժերն են, նրանց մարտունակությունն է և դիմադրունակությունը»։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Ըստ Բադալյանի, միջազգային կառույցներից կարելի է ակնկալել ուժի չկիրառման մասին կոչ կողմերին, ինչպես նաև, մեկնաբանի խոսքով, կան հնարավոր ռիսկեր, չի բացառվում, որ Հայաստանը չկարողանա հասնել հայաննպաստ բանաձևի ընդունման ՄԱԿ-ի հարթակում, որը հասցեկասն կդատապարտի հենց Ադրբեջանի ապօրինի գործողությունները, քանի որ միջազգային այդ կառույցում ավանդաբար լավ են աշխատել Թուրքիան ու Ադրբեջանը. - «ՄԱԿ-ը փաստացի կարող է արձանագրել, որ այդուհանդերձ կա հայ-ադրբեջանական սահմանի վիճելի հանգամանք, և ադրբեջանական գործողությունները այդուհանդերձ վիճելի հանգամանքի հիմք ունեն։ Պարզապես կոչ կարվի զերծ մնալ ռազմական միջամտությունից։ Դրա հետևանքը կարող է լինել այն, որ փաստացի ադրբեջանական գործողությունները քաղաքական հողի վրա կարող են ստանալ լեգիտիմություն, պարզապես անցանկալի դիտվի ռազմական մեթոդները կամ ռազմական գործողությունները»։

Ստեփան Գրիգորյանը հակադարձում է՝ նախ հիշեցնելով օրեր առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը Կիպրոսի վերաբերյալ, որ դատապարտում էր Թուրքիայի դիրքորոշումը։ Ապա Գրիգորյանը մեկնաբանում է, որ իրենք կոչ չեն անում պարզապես դիմել միջազգային կառույցներին։ Դիմելուց բացի, նրա խոսքով, պետք է նաև կուլիսային մեծ աշխատանք տանել Հայաստանի օգտին հայտարարություններ ու բանաձևեր ստանալու նպատակով. - «Այդ մտավախությունը, որ, ասենք, մենք թույլ ենք, չենք կարողանալու անցկացնել մեր ուզած ռեզոլյուցիան, ուղղակի անհիմն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG