Մատչելիության հղումներ

Քյարամյանը նորից բարձր պաշտոն կզբաղեցնի 


Այսօր վարչապետի պաշտոնակատարի հրամանով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ իր տեղը զիջելով Արգիշտի Քյարամյանին, որը Փաշինյանի կառավարության օրոք արդեն 5-րդ բարձր պաշտոնին է նշանակվում։

«Այս ամբողջ ընթացքում` 18 թվականից սկսած կա մի կարևորագույն հարց, որի պատասխանը մենք այդպես էլ չենք ստացել և ոչ միայն այս անձի հետ կապված` որևէ պաշտոնյա, որին հեռացնում են աշխատանքից, չի տրվում բացատրություն` ինչն էր պատճառը», - ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Մասնագիտությամբ իրավաբան, 30-ամյա Արգիշտի Քյարամյանը 2016-2018 թվականներին դատախազ է եղել, ապա տեղափոխվել է Պետեկամուտների կոմիտե, 2019-ի ապրիլին նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, մեկ տարի անց նա նշանակվել է ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց արդեն ծառայության տնօրեն: Այս պաշտոնը նա զբաղեցրել է 4 ամիս, ապա ազատվել աշխատանքից հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում։ 2020-ի դեկտեմբերին նա նորից պաշտոնի է նշանակվել` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, աշխատել շուրջ 7 ամիս, իսկ այսօր արդեն դարձել Քննչական կոմիտեի նախագահ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ կառավարությունը պարտավոր է մեկնաբանել սեփական կադրային քաղաքականությունը. «Ո՞նց կարող է մարդու, ում պատերազմի ժամանակ հեռացնում են ԱԱԾ տնօրենի պաշտոնից, էլի առանց բացատրության, ի դեպ, և հետո նշանակում են հիմա այստեղ, որպես ի՞նչ են նշանակում, որպես խրախուսո՞ւմ, որպես պատի՞ժ, հա, պարոն Քյարամյանին, որպես ի՞նչ, թե՞ անփոխարինելի կերպար: Այդպես չի լինում, հասարակությունը պիտի իմանա` ով ինչի համար է հեռացվել պաշտոնից, և դա չպիտի լինի ուղղակի հեռացում, դա պիտի լինի նաև պատասխանատվության որոշակի չափ»:

Քաղհասարկության ներկայացուցիչների համար ամենամեծ առեղծվածը Քյարամյանի ազատումն էր պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա հեռացումը ենթադրում էր, որ նա չի կարողացել կամ չի կատարել որոշակի առաջադրանքներ, այնուամենայնիվ օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան պարգևատրեց «Արիության մեդալով»՝ 44-օրյա պատերազմում «Արցախի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար»։

«Եթե բարձր պաշտոններ ես զբաղեցնում կարճ ժամանակով, հետո քեզ հանում են աշխատանքից ու հետո նորից ուրիշ բարձր պաշտոնում է, նշանակում է` դու կա՛մ չես կարողացել այդ նախորդ պաշտոններում քեզ դրսևորել, բավարար գիտելիք չունես, կա՛մ բոլոր ոլորտների մասնագետ չի լինում, կա մասնագիտացում, կա … անկեղծ ասած` չեմ պատկերացնում` ոնց է ինքը` Քյարամյանը համաձայնում զբաղեցնել այսպիսի պաշտոններ պարբերաբար», - նշում է Կարապետյանցը:

Վերջին տարիներին Փաշինյանի կառավարության կադրային քաղաքականությունը շարունակ եղել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քննադատության թիրախում: Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով` ընտրություններից հետո կատարված նշանակումներն աչքի առաջ ունենալով` չի կարող ասել, թե կառավարությունը փոխել է մարտավարությունը և սկսելու է ավելի տրամաբանական կադրային քաղաքականություն վարել։

«Այսինքն` մենք տեսանք, երբ հեղափոխությունից հետո նշանակումներ կատարվեցին, թիմի անդամներ, ովքեր մեծամասամբ կապ չունեին տվյալ ոլորտների հետ և մեծամասամբ նաև տապալեցին այդ ոլորտները: Հիմա հստակ նախարարներ նշանակվեն, որովհետև ի վերջո ոլորտային պատասխանատուներ նրանք են լինելու, արդեն ավելի հստակ կդառնա, թե ինչքանով է դա...»:

Քննչական կոմիտեից հեռացող Հայկ Գրիգորյանն առաջիկայում հավանաբար այլ պաշտոնի կգնա, համենայն դեպս այսօր կառավարության նսիտի ընթացքում Փաշինյանը հատուկ ընդգծեց՝ Գրիգորյանի հետ առաջիկայում քննարկելու են հետագա անելիքները. «Ես համոզված եմ, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտությունները մենք անպայման պիտի կիրառենք մեր պետական կառավարման համակարգում», - նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Արդյոք ուղիղ երեք տարի Քննչական կոմիտեն ղեկավարած Գրիգորյանը այս ընթացքում կարողացե՞լ է կատարել ակնկալված փոփոխություններն այդ համակարգում, հետաքրքրվեցինք իրավապաշտպան Կարապետյանցից: «Ընդամենը մի օրինակ բերեմ հասարակության համար` Քննչական կոմիտեին հանձնարարվեց զբաղվել խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերով, այս հարցի հետ կապված ներգրավվեցին նաև տարբեր իրավապաշտպան կառույցներ, բայց մենք այդպես էլ չունեցանք արդյունք, այն չափ չունեցանք արդյունք, որ ստիպված եղավ վարչապետն իրեն կից ստեղծել նոր հանձնաժողով, ու իրականացնեին նոր աշխատանք` մեծ ծավալով», - պատասխանեց իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG