Մատչելիության հղումներ

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է աշխատանքից, օրվա առաջին կեսին հրապարակվեց հանրապետության նախագահի հրամանագիրը՝ Քյարամյանն ազատվել է վարչապետի առաջարկությամբ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի գնդապետ Միքայել Համբարձումյանը՝ ծառայության փոխտնօրենը։

Քյարամյանի ազատման հրամանին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն առաջնագծում դավաճանական գործողությունների մասին:

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել, և Փաշինյանի տեղեկացմամբ՝ ստեփանակերտցի մի բնակիչ հայտնաբերվել ու ձերբակալվել է Երևանում։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է՝ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ` քաղաքական ուղղորդման վարկածը. «Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում»:

Արդյոք Քյարամյանի պաշտոնանկությունը կապ ունի Փաշինյանի գրառման հետ, վարչապետի գրասենյակից հավելյալ մեկնաբանություններ չեն տալիս։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի մասին մանրամասներ չեն փոխանցում։

29-ամյա Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը այս տարվա մայիսի 4-ին մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա տնօրենը: Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այդ ժամանակ հիմնավորեց քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է` եթե Քյարամյանը կապ ունի այն ամենի հետ, ինչ շարադրել է Փաշինյանը, ուրեմն նա չպետք է հեռանա հենց այնպես. - «Եթե հանկարծ պարզվեց, որ Քյարամյանին պաշտոնից հեռացնելն ուղիղ կապ է ունեցել կամ թեկուզ ոչ ուղիղ կապ է ունեցել այս իրադարձությունների հետ` դավաճանական այսպիսի գործողությունների հետ, և իրեն ճանապարհել այնպես, ինչպես ճանապարհեցին Վանեցյանին, այսինքն` առանց հարցեր տալու, առանց պատասխաններ պահանջելու, կլինի ամենամեծ ճակատագրական սխալը, որովհետև թույլ տալ, որպեսզի որոշ ուժերի շարքերը համալրվեն, սա այս իշխանությունների համար ճակատագրական սխալ է լինելու»:

Իրավապաշտպանը հիշեցնում է` 2 տարուց ավելի խոսում են Ազգային անվտանգության ծառայության բարեփոխման, վեթինգի ու լյուստրացիայի մասին, և ահա, ըստ Կարապետյանցի, քաղում են պտուղները. - «Հատկապես ԱԱԾ-ի համակարգը չբարեփոխված մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար»:

Նինա Կարապետյանցն ԱԱԾ-ի անգործության օրինակ է համարում պատերազմական այս օրերին Ֆեյսբուքում ծավալվող ապատեղեկատվության հոսքը. - «Բոլոր այն գրառումները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, բոլոր այն գրառումները, որոնք խուճապ են առաջացնում հատկապես չճշտված տեղեկությունների վրա, դրանք անհապաղ պետք է կանխվեն: Ուզում եմ շատ հստակ նշել, որ խոսքը չի գնում խնդրի լուծման տարբեր տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց, քաղաքական, հասարակական ուժերի, ներկայացուցիչների, գործիչների տեսակետների վերաբերյալ: Խոսքը տեսակետի մասին չէ, խոսքը հստակ ոչ ճիշտ կամ դիտավորյալ սխալ տարածվող լուրերի մասին է»:

XS
SM
MD
LG