«Ազատության» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
«Հայրենիքը» մեկն է վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերից, կուսակցության ղեկավարը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է:
«Ազատություն» - Պարոն Սահակյան, ինչո՞ւ է ձեր կուսակցության` Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» ջոկատը թողել, լքել մարտադաշտը, իրեն վստահված դիրքը: Երեկ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանն էր այսպիսի պնդումներ անում:
Արա Սահակյան - Բավականին վատահամբավ անձնավորություն է, ես չգիտեմ նրա և որպես հասարակության անդամ, և որպես պաշտոնյա, հետագա այսինքն` ընկալումը հասարակական, շատ բարդ վիճակում է ինքն իրեն դրել, և այս անգամ էլ ինքը ստանձնեց շատ վատ դեր, այդպես պարզ ասենք: Գիտեք` Արթուր Վանեցյանը, երբ որ նա նշանակվեց` Ձեր նշած անձը ԱԱԾ տնօրեն, ասաց, որ նրա այդ պաշտոնին լինելը սպառնալիք է հանդիսանում մեր ազգային անվտանգության համար: Այդ տեսակետը պահպանվում է, ավելի լավ կլինի, որ մենք փորձենք հասկանալ և մարդկանց բացատրել, թե ինչ գործ ուներ և ինչ հանգամանքով էր նա գտնվում Շուշիում, ընդհանրապես ինչ գործ ուներ ռազմական գործողությունների կազմակերպման, կառավարման, զորամասերի տեղաբաշխման հետ:
Մի կին էլ կար չէ՞, որ էլի զբաղվում էր շտաբում էտպիսի բաներով, հիմա էլ սա: Մենք պետությո՞ւն ենք, թե՞ նենց դուքյան ենք:
«Ազատություն» - Այնուամենայնիվ, Դուք Վանեցյանի հետ քննարկե՞լ եք, նա դիրքը թողե՞լ էր, թե՞ ոչ:
Արա Սահակյան - Ես այդ ջոկատի կազմում Շուշիում չեմ եղել, բացատրություններ կամ պատասխան կտրվի, մեր տեսակետը մնում է նույնը` ինչպես եղել է, այսօր էլ նա մնում է լուրջ սպառնալիք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, այդ անձնավորությունը:
«Ազատություն» - Դադարե՞լ է հանրահավաքային պայքարը, թե՞ ոչ:
Արա Սահակյան - Հանրահավաքները մեր գործունեության ուղղություններից մեկն են: Մենք զբաղվեցինք այս ընթացքում քարոզչական ծավալուն գործունեությամբ, և մենք արձանագրել ենք մեզ համար, որ նաև մեր ջանքերի շնորհիվ հաջողվել է հասարակությանը դուրս բերել այդ ստուպրի վիճակից և բացատրել իրողությունը: Կարելի է ասել, որ իշխանության հեռանալու հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս:
«Ազատություն» - Դա որտե՞ղ է արտահայտվում, պարոն Սահակյան:
Արա Սահակյան - Մարդկանց մտքերում և հոգիներում:
«Ազատություն» - Երբ ասվում է համազգային կոնսենսուս, դուք նաև ասում էիք համապետական գործադուլ, համաժողովրդական շարժում, նման այլ բաներ, դա կարող է նշանակել լեփ-լեցուն հրապարակներ, իսկապես մեծ ճնշում իշխանության վրա, բայց ձեր այս քաղաքական միավորը, որը հանուն ճշմարտության նաև ունի մեդիառեսուրսներ, դրամական միջոցներ, մի քանի տասնյակ ցուցարարներով է փորձում կառավարության շենք շրջափակել և այլն: 2018-ի օրինակով պարզ է, որ դա չի հաջողելու:
Արա Սահակյան - Եթե Ձեզ համար տիպարը կամ մոդելը 2018-ն է…
«Ազատություն» - Օրինակ 2018-ը:
Արա Սահակյան - Հա, ճիշտն ասած` մեզ համար դա ամենավատ օրինակն է:
«Ազատություն» - Բայց այդ սցենարով գնում եք:
Արա Սահակյան - Փողոցային անկարգությունների ճանապարհով, ես գտնում եմ, որ խնդիրը պետք է լուծվեր վարչապետի կամավոր, բարոյական քայլով, ինքը պետք է հրաժարական տա:
«Ազատություն» - Որը տեղի չի ունենում, դուք ասում եք` շրջափակենք շենքը:
Արա Սահակյան - Մենք շարունակում ենք հորդորել, ես, օրինակ, շարունակում եմ հորդորել, որ նա պետք է վերադառնա այդ խնդրին, և պետք է ինքն անձնական վճիռ կայացնի և չտանի հասարակությունը բևեռացման, բախումների: Դա նրա պարտքն է:
«Ազատություն» - Գալով էլի հավաքների մարդաշատությանը կամ սակավամարդությանը` պարոն Սահակյան, գուցե հակառա՞կը` կա հրաժարականի պահանջ, բայց ասում են` Փաշինյանը հեռանա, գան նախկինները, ավելի լավ է` չէ, չմասնակցենք այդ հանրահավաքներին:
Արա Սահակյան - Հազարավոր, օր օրի մեծանում են մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին: Դուք չեք կարող չէ՞ պնդել, որ այսօր հասարակական տրամադրություններն այնպիսին են, ինչպես 6 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.