Մատչելիության հղումներ

«Վարչապետն ասել է՝ «երկու ձեռքս կկտրեմ, բայց թույլ չեմ տա գեթ մեկ քվե կեղծվի», այդպես էլ եղել է», հայտարարում է Արայիկ Հարությունյանը


Զինծառայողների ուղղորդումը բնորոշ է բացառապես Ռոբերտ Քոչարյանին և նրա ռեժիմի ժամանակահատվածին, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պնդումներին։

«Հայաստան» դաշինքը, պնդելով, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին զանգվածային խախտումներ են եղել, հայտարարում է՝ ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։

Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - «Հայաստան» դաշինքը պնդում է, թե զանգվածային խախտումներ են եղել, իրենց ներկայացուցիչը՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է փաստեր, որն իհարկե չընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, բայց նրանք պատրաստվում են այդ ամենը ներկայացնել նաև Սահմանադրական դատարան և վիճարկել ընտրությունների արդյունքները։ Նրանց հատկապես մտահոգում է զինծառայողների քվեարկությունը։ Ըստ «Հայաստան» դաշինքի՝ զինծառայողներն ուղղորդվել են, նրանց քվեարկությունն ուղղորդվել է, բերվել են ավտոբուսներով, մեքենաներով, այսինքն, ըստ նրանց, դա կազմակերպված քվեարկություն է եղել։

Արայիկ Հարությունյան․ - Զինծառայողների ուղղորդումը բնորոշ է բացառապես Ռոբերտ Քոչարյանին և նրա ռեժիմի ժամանակահատվածին։ Թե՛ 2018-ին, թե՛ 2021 թվականին նման բաներ բացառվել են մեր իշխանության օրոք, և, կարծում եմ, որ մենք 2021 թվականին ապահովել ենք բոլոր հնարավարություններն ազատ ընտրության համար, դրա մասին խոսում են շատ դիտորդներ, վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ։ Մենք իրավական պետություն ենք, մեր ընդդիմախոսները բոլոր հնարավորություններն ունեն վիճարկելու այն փաստերը, որոնք ունեն նույն Սահմանադրական դատարանում, բայց ազնվությամբ պետք է ասեմ՝ այսօր ես նույն Ձեր մատնանշած իրավաբանի խոսքը լսում էի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և պետք է ասեմ, որ էդ փաստերը շատ թույլ են և այդպես էլ պետք է լինեն, որովհետև իշխանությունը որևէ մտադրություն չի ունեցել կեղծելու ընտրությունները։ Վարչապետ Փաշինյանը բազմաթիվ անգամ և մեր քաղաքական թիմի անդամները բազմաթիվ անգամ դրա մասին նշել են, որ վարչապետն ասել է՝ «ես երկու ձեռքս կկտրեմ, բայց թույլ չեմ տա, որ գեթ մեկ քվե կեղծվի» և այդպես էլ եղել է։ Միջազգային դիտորդների պնդումները հենց դրա մասին են, որ մեր ընտրությունները համապատասխանել են ամենաբարձր մակարդակին։

Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG