Մատչելիության հղումներ

Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդները


Համաշխարհային մարդասիրական «Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդներն արդեն հայտնի են։ Այսօր ուշ երեկոյան օնլայն կապի միջոցով ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարեց ավելի քան 600 հայտերից ընտրված 4 մարդասեր ակտիվիստների անունները։

Նրանք են՝ մայր և դուստր Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, որոնք պաշտպանում են Սոմալիի ժողովրդի իրավունքները, կույր կաթոլիկ միանձնուհի Անջելիկ Նամայկան, որ աջակցում է բռնության ենթարկված և տեղահանված կանանց ու երեխաներին, ավելի քան 30 հազար փախստականների փրկած Կլաուս Վոգելն ու Սոֆի Բոն, Աֆղանստանում և Պակիստանում կրթական ծրագրերով աղջիկներին աջակցող Սակինա Յակուբին։ Թե ով կլինի նրանցից հաջորդ մրցանակակիրը, կիմանանք արդեն աշնանը։

«Ես վստահ եմ` աշխարհում չի եղել ավելի հարմար լավ ժամանակ, քան հիմա, որ համախմբվենք և պատվի արժանացնենք այն մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը»,- ասաց Լորդ Արա Դարզին:

Դարզի Ավրորայի շնորհիվ մենք ամեն տարի ավելի ու ավելի հետաքրքիր պատմություններ ենք բացահայտում անվախ ու սրտացավ մարդկանց մասին, որոնք վտանգում են ամեն ինչ՝ ուրիշներին օգնելու համար: Առցանց քննարկման մասնակիցներ՝ մրցանակաշխության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի, Ավրորա մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշի ընդհանուր մոտեցումն էր սա։

Հիմա, երբ աշխարհը համաճարակի հումանիտար ճգնաժամի մեջ է, հասկանում ենք, որ այդ հերոսները հիմա բժիշկներն են։ Այստեղ բանախոսները հիշեցին՝ այդ հերոսներից մեկն էլ Ավրորա մրցանակի դափնեկիր, ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան էր։ Ոչ միայն բժիշկները, նաև հումանիտար ակտիվիստներն են այսօր փրկում աշխարհը։

Նախորդ տարիներին Ավրորա մրցանակին են արժանացել բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն, ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, եզդի ակտիվիստ Միրզա Դինային, որոնք, վտանգելով իրենց կյանքը, փրկել են հարյուր հազարավորներին։ Այսօրվա ուշ քննարկմանը նրանցից միայն Բարանկիցեն էր մասնակցում։ Նա վստահ է՝ աշխարհը դրախտ դարձնելու բանաձևը շատ պարզ է, պարզապես մարդկությունը փողը հիմար բաների վրա է ծախսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG