Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուբար Աֆեյանի հետ


Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյան, արխիվ
Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ:

Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

Հայաստանի նախագահի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:

Արմեն Սարգսյանը, խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

XS
SM
MD
LG