Մատչելիության հղումներ

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները


Ժնևի Villa La Grange դղյակում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հակասությունները հասկանալու համար պետք է նստել և խոսել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ բանակցություններից առաջ: Նրա խոսքով՝ Մոսկվային զսպելու Վաշինգտոնի կոչերը չեն թեթևացնում մթնոլորտը երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ:

«Մենք բոլորս լսում ենք խոսքեր այն մասին, որ Մոսկվան ստիպված կլինի վճարել դրա համար, այս ամենն, իհարկե, չի թեթևացնում ընդհանուր մթնոլորտը, բայց նորից կրկնեմ՝ ամեն դեպքում խոսելու մտադրություն ունի երկու կողմը՝ և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Բայդենը», - հայտարարել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ հասկանալու համար, թե որքանով են երկու երկրների նախագահները տարակարծիք և որքանով են կրիտիկական Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները, պետք է նախ նստել և խոսել: Պեսկովը չի բացառել, որ երկու երկրների առաջնորդները շփվեն տետատետ ձևաչափով, թեև երկկողմ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում անձնական հանդիպում չկա: Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Ջո Բայդենի խոսքերին՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին: Պուտինն անհրաժեշտության դեպքում ինքն է նախանշելու իր դիրքորոշումն այդ թեմայի շուրջ, հստակեցրել է նրա մամուլի քարտուղարը:

Ժնևում մեկնարկած բանակցությունները նեղ և ընդլայնված կազմով են, ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Նեղ կազմով հանդիպմանը ներկա են ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը: Բանակցություններն, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, տևելու են 4-5 -ժամ:

Ռուս և ամերիկացի առաջնորդներն իրենց համար ավելի կարևոր հարցերի շարքում այսօր քննարկելու են նաև ղարաբաղյան խնդիրը: Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Ղարաբաղն ընդգրկված է տարածաշրջանային թեմաների ցուցակում, որոնք նախատեսում են քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախկինում Մոսկվան և Վաշինգտոնը հաճախ էին ասում, թե Ղարաբաղն այն եզակի հարցերից է, որի շուրջ ռուս և ամերիկյան մոտեցումները նույնն են: Այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է, թեև Վաշինգտոնը հայտարարել է, որ ողջունում է նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը:

Երկու երկրների նախագահները կքննարկեն նաև ռազմավարական կայունությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայի ու Ուկրաինայի իրադրությունը և Իրանի հետ միջուկային գործարքը:

Գագաթնաժողովից հետո Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինն առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն:

Պուտինը նախօրեին հույս է հայտնել, որ գագաթնաժողովը դրական մթնոլորտում կանցնի, սակայն Վաշինգտոնի հետ հարաբերություններում բեկում պաշտոնական Մոսկվան չի սպասում:

Ի դեպ՝ ռուսական կողմը հրաժարվել է ռուս-շվեյցարական բարձր մակարդակի բանակցություններից կորոնավիրուսի պատճառով, թեև Պուտինը արդեն ստացել է Sputnik V երկրորդ պատվաստումը:

XS
SM
MD
LG