Մի քանի ժամից Բրյուսելում կմեկնարկի ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարները Բելգիայի մայրաքաղաք են ժամանել ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին մասնակցելու նպատակով։
Բրյուսել մեկնելուց առաջ, Ստամբուլի միջազգային օդանավակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծում էր, որ այսօրվա բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը լինելու է Ջոզեֆ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Ապրիլի 24-ը մեզ համար շատ վատ մի գործընթաց էր։ Մենք նման մոտեցում չէինք սպասում և [Սպիտակ տան] նման դիրքորոշումը մեր վրդովմունքի պատճառը դարձավ։ Ճիշտ չի լինի, եթե մենք հարաբերությունների բնականոն ընթացքը շարունակենք առանց այս խնդիրը քննարկելու», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում կուտակված հարցերը բավական շատ են և դրանք անհրաժեշտ է քննարկել հենց պետությունների ղեկավարների մակարդակով։
«Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հարկավոր է քննարկել դեմ առ դեմ ձևաչափում, քանի որ թե՛ մեր երկրի ներսում և թե՛ արտերկրում այս թեմայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ են շրջանառվում։ Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է հարկավոր շրջանցել ծագած այդ խնդիրները», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այսօրվա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վիճակն է, որն, ըստ թուրքական կողմի, լուրջ տարաձայնությունների տեղիք է տալիս հատկապես Միացյալ Նահանգների պահվածքի պատճառով։ Խոսքն, ըստ Էրդողանի, թե՛ F-35 մակնիշի կործանիչների արտադրությունից Թուրքիային դուրս թողնելու և թե՛ ռուսաստանյան C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով Անկարայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մասին է։
«Պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող բազմաթիվ չլուծված հարցեր դեռ մեր օրակարգում են։ Կարևորագույնն իհարկե F-35 մակնիշի ռազմական օդանավերի հարցն է։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս հարցում ի տարբերություն Թուրքիայի, Միացյալ Նահանգները պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պարզապես չի կատարել», - հայտարարում է Էրդողանը։
F-35 մակնիշի նորագույն կործանիչների համատեղ արտադրության մասին պայմանագիրը ԱՄՆ և իր ութ դաշնակիցների միջև կնքվել էր դեռ 2007 թվականին։ Այդ համաձայնագրի հիման վրա թուրքական գործարաններում արտադրվում էին օդանավի վրա տեղադրվող հազարից ավելի դետալներ և սարքավորումներ, ինչի դիմաց Թուրքիան առնվազն 100 F-35 կործանիչներ ձեռք բերելու իրավունք էր ստացել։ Ծրագիրը, սակայն, վերջնականապես չեղարկվեց այս տարվա գարնանը։ Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումն էր, ինչը, Վաշինգտոնի համոզմամբ, ՆԱՏՕ-ին անդամակցության հետ անհամատեղելի քայլ է։
Էրդողանի համոզմամբ, այս հարցում ևս մեղավորը ամերիկացիներն են, որոնք հրաժարվում են C-400-ների ամերիկյան համարժեքը՝ Patriot համակարգերը վաճառել Անկարային։
«Այս հարցում ևս ամերիկացիները չկատարեցին իրենց խոստումները։ Երբ նրանք դուրս բերեցին մեր երկրում տեղակայված Patriot համակարգերը, մենք ստիպված էինք համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ քայլեր ձեռնարկելով C-400 համակարգերի ձեռքբերման ուղղությամբ», - -հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունները՝ ԱՄՆ-ն և Նիդերլանդները, Թուրքիայի տարածքում տեղակայված Patriot հակաօդային համակարգերը դուրս էին բերել 2015 թվականին, ինչը արժանացել էր Անկարայի կոշտ քննադատությանը։
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստի մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահն այսօր հանդիպել է նաև Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնի հետ։ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության համաձայն. Էրդողանի և Մակրոնի քննարկումների հիմնական թեմաներն են եղել Սիրիան և Լիբիան։