Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը կլինի Բայդենի և Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգում


Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, օգոստոս, 2016թ․
Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, օգոստոս, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի՝ հունիսի 14-ին Բրյուսելում ծրագրված առաջին դեմ առ դեմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է լինելու նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, ապա այն կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների օրակարգը բավական ծավալուն է՝ դրանում ընդգրկված են տարածաշրջանում այս պահին առկա խնդիրները, այդ թվում, բնականաբար, իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածուն, Սիրիայում, Իրանն ու Լեռնային Ղարաբաղը», - հայտարարում էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Ջեյք Սալիվանի խոսքով՝ Բայդենի և Էրդողանի բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել նաև այն դերակատարությունը, որ կարող է ստանձնել Թուրքիան Աֆղանստանում՝ այդ երկրից ՆԱՏՕ-ի զորախմբի դուրսբերման ֆոնին։ Վերջին օրերին դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, թուրքական ստորաբաժանումները կարող են մնալ Աֆղանստանի տարածքում՝ մասնավորաբար ապահովելով Քաբուլի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը։ Իրադարձությունների զարգացման նման սցենարը նախօրեին չբացառեց նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմածովային բազաներից մեկը կատարած այցի ընթացքում նշելով, որ Թուրքիան նման քայլի կդիմի, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները բավարարեն Անկարայի «քաղաքական, ֆինանսական և լոգիստիկ պահանջները»։

Ջեյք Սալիվանի խոսքով՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների զգալի մասը նվիրված է լինելու նաև մարդու իրավունքների խնդրին և երկու երկրների միջև առկա այն տարբերություններին, որոնք Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը արժեհամակարգային էր որակում։

Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնում հույս ունեն, որ Ջոզեֆ Բայդենի և Ռեջեփ Էրդողանի՝ տարիների ընթացքում կուտակված անձնական շփման փորձը կնպաստի բրյուսելյան բանակցությունների հաջող ընթացքին։

«Նախագահ Բայդենը Էրդողանին շատ լավ է ճանաչում, այդ երկու մարդիկ նախկինում բավական երկար ժամանակ են անցկացրել փոխադարձ շփումներում, և ես կարծում եմ, որ երկուսն էլ անհամբերությամբ սպասում են հարաբերությունների բավական լայն սպեկտրը գործնական մթնոլորտում քննարկելու այս հնարավորությանը», - հայտարարում էր Սալիվանը։

Նախագահների հանդիպումից առաջ Անկարայում տիրող տրամադրությունները կարելի է բնութագրել որպես «զգուշավոր լավատեսություն»։ Այստեղ ևս նկատում են, որ Բայդենն ու Էրդողանը բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկման ենթակա թեմաների պակաս հաստատ չեն զգալու։ Դրա հետ մեկտեղ, Անկարայում ընդգծում են, որ երկկողմ հարաբերություններում մի շարք լուրջ տարաձայնություններ են առկա։ Դրանց ամբողջական ցանկը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը ներկայացրեց երկուշաբթի երեկոյան Անկարայում՝ կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Համագործակցության օրակարգը բավական ծավալուն է, բայց կան նաև բացասական գործոններ՝ մասնավորաբար Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած կառույցին, ինչպես նաև քրդական կազմակերպություններին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը, այսպես կոչված հայերի ցեղասպանության հարցը և այն օժանդակությունը, որ Միացյալ Նահանգների կողմից ստանում է Կիպրոսը», - հայտարարում էր Օմեր Չելիքը։

XS
SM
MD
LG