Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հետևանքներ պետք է ունենա, նշում է Հայ դատի հանձնախմբի խոսնակը


Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը հետևանքներ պետք է ունենա տարբեր մակարդակների վրա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ապրիլի 24-ին` առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ, նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակն ընդգծեց՝ Թուրքիայի կառավարության նախկին պնդումները, թե «ամերիկյան կառավարությունը Ցեղասպանության հարցի շուրջ հստակորեն չի խոսել, Ցեղասպանությունը չի ճանաչել», այլևս պետք է վերացվեն և նոր էջ պետք է բացվի դատական նոր գործերի համար։

Չուլջյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ի՞նչ հետևանք կարող է ունենալ Բայդենի հայտարարությունը, արդյո՞ք սա կարող է հիմք հանդիսանալ դատական գործեր հարուցելու համար։ Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, ընտանիքներ, որոնք մինչև այսօր պահպանել են սեփականության իրենց իրավունքը վկայող փաստաթղթեր, որ իրենք կորցրել են իրենց ունեցվածքը Արևմտյան Հայաստանում և հիմա կարող են դա, փաստորեն, ներկայացնել դատարաններ և պահանջել իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքի վերադարձը և ընդհանրապես կարող են փոխհատուցում պահանջել՝ ցեղասպանության զոհերի, կամ ցեղասպանության վերապրածների ժառանգները։ Կարո՞ղ է նման բան լինել։

Չուլջյան․ - Շատ լավ հարց է, կարծում եմ տարբեր մակարդակների վրա պետք է հետևանքներ ունենա ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան խոսքը՝ ճշգրիտ ձևով Հայոց ցեղասպանությունը ներկայացնելը, մեկը կլինի հենց այս դատական հայցերի գծով։ Գիտեք, հաճախ, երբ այս դատերը բերվում էին ամերիկյան դատարաններ, կարևոր խոչընդոտների էին հանդիպում։ Օրինակ, հենց ամերիկյան քաղաքականությունը եղել է հենց ճշգրիտ ձևով չներկայացնել հայկական ցեղասպանությունը, այստեղ հստակ փոփոխություն կա։ Սա պետք է առիթ լինի, որ նոր դատերը, որոնք կներկայացվեն դատարաններ, նոր իրականության մեջ լինեն, նոր աչքով դատվեն, այլևս այդ պատրվակը, որ մեր հակառակորդները նախկինում առաջ էին քաշում, օրինակ թուրքական կառավարությունն առաջ հաճախ նշում էր, որ ամերիկյան կառավարությունը Ցեղասպանության հարցի շուրջ հստակորեն չի խոսել, Ցեղասպանությունը չի ճանաչել, դա այլևս կվերացվի, և նոր էջ կբացի այդ դատական գործերի համար։ Բայց դրա կողքին նաև ցեղասպանության վերաբերյալ դաստիարակչության գծով խնդիր կա․ գիտեք՝ իրականում ամերիկյան 14 նահանգներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դպրոցներում դասեր ունեն, օրենքներ ունեն, կամ Հայոց ցեղասպանության մասին նշում են իրենց դպրոցական դասագրքերում։ Հիմա ժամանակն է ընդլայնելու դպրոցներում այդ դասավանդելու աշխատանքը, ընդլայնել այդ նահանգների թիվը, վստահ լինել, որ այն նահանգները, որոնք նույնիսկ ունեն այդ օրենքները, ուսուցիչներն անհրաժեշտ միջոցները ունենան դասավանդելու այս նյութը, որովհետև այստեղ շատ կարևոր հարց կա ոչ միայն ճշմարտության առումով, Հայոց պատմության առումով, այլ, որ Ցեղասպանության մասին սովորելով հաջորդ սերունդները պետք է կարողանան կանխել ապագա ցեղասպանությունները։

Հիմա ժամանակն է այդ հաղթանակը դարձնելու և ուղղելու դեպի հաջորդ քայլերը․ կարևոր քայլ դեպի արդարություն, այն արդարությունը, որ հայ ժողովուրդն արժանի է և նաև վստահեցնել Հայաստանի և Արցախի անվտանգությունը՝ նկատի ունենալով վերջին ամիսների այդ ցեղասպանական արարքները, որ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները գործել են Հայաստանի և Արցախի դեմ, և որի հետևանքներն այսօր ապրում է մեր ժողովուրդը։ Ժամանակն է, որ այս քաղաքականությունը, որ Սպիտակ տունը վարում է, դարձնել հստակ անվտանգության քաղաքականություն Հայաստանի և Արցախի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG