Մատչելիության հղումներ

Լոռիում ընդամենը 1700 մարդ է պատվաստվել քովիդի դեմ, նախարարի պաշտոնակատարը սա լավ ցուցանիշ չի համարում


Հայաստանում դեռևս 32 հազար մարդ է քովիդի դեմ պատվաստվել, որ բնակչության ընդամենը մեկ տոկոսն է կազմում։

Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում անցկացրած խորհրդակցությանը մտահոգություն հայտնեց, որ չափազանց քիչ են պատվաստումները Լոռու մարզում։ Ընդամենը 1700 մարդ է պատվաստվել։

«Ինձ համար ճիշտն ասած շատ ցավոտ է, որ Լոռին հիմա պատվաստումների առումով, համեմատական առումով, լավ ցուցանիշներ չունի։ Չգիտեմ ինչու։ Երբեմն երբ մի բանն առկա է, հասանելի է, այդքան գնահատված չէ, ինչքան որ երբ չկա էդ հնարավորությունը», - ասաց Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ քովիդի առաջին ամենամեծ բռնկումները հենց Լոռիում են եղել, 2 հազար աշխատակից ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայում։ Մարզում մեծ է նաև զբոսաշրջիկների անցուդարձը, հետևաբար դեռ այսօր էլ խոցելի է համարվում։

Ավանեսյանը պատվաստումների թիվը համեմատեց հարևան Վրաստանի հետ, որտեղ արդեն 120 հազար մարդ է պատվաստվել։ Այնտեղ անգամ հերթեր են գոյանում, մարդիկ ցանկանում են պատվաստվել, մինչդեռ բավարար չափով պատվաստանյութ չունի երկիրը։ Վրաստանում առանջնահերթ բուժաշխատողներն են պատվաստվում։ Հայաստանում, որտեղ արդեն 3 տեսակի հասանելի պատվաստանյութ կա, մարդիկ խուսափում են իրենց անվճար ապահովագրել մահացու այս վիրուսից, ասաց նախարարի պաշտոնակատարը։

«Տարիներ առաջ ամբողջ հանրապետությունում շատ կարճ ժամանակահատվածում կազմակերպվեց կարմրուկի դեմ պատվաստումը՝ համատարած, և որևէ նման աղմուկ, որևէ նման պանիկա տարածող տեղեկատվություն չկար այն ժամանակ, բայց այս պարագայում, երբ որ ամբողջ աշխարհում ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, վտանգ ներկայացնող լուրերի անընդհատ շրջապտույտը մեր առօրյան է դարձել», - ասաց Ավանեսյանը։

Վերջին շրջանում Հայաստանում զգալիորեն նվազել են հիվանդացության դեպքերը, օրական միջինը 150-200 դեպք է արձանագրվում, բայց, նախարարի համոզմամբ, դա թեթև շունչ քաշելու առիթ չի տալիս։

Նա հիշեցրեց, որ վիրուսի երրորդ ալիքի ընթացքում հիվանդությունն անհամեմատ ծանր ընթացք է ունեցել և մարդկանց առողջության վրա ավելի լուրջ հետևանքներ է թողել՝ սկսած սրտանոթային հիվանդություններից, մինչև նյարդաբանական ու հոգեկան խնդիրներ․ - «Եվ մենք տեսնում ենք այդ տենդենցը․ ամեն հաջորդական ալիքի ժամանակ մենք տեսնում ենք, որ հիվանդացությունը շատ ավելի մեծ հետևանք է թողնում մարդկանց առողջության վրա»։

Ընդհանուր առմամբ Հայաստանում Քովիդի տարածումից հետո հիվանդությունների աճ կա, նշեց Անահիտ Ավանեսյանը։ Մինչդեռ, ըստ նախարարի, բոլոր 32 հազար պատվաստվածների շրջանում բացասական ազդեցություն չեն արձանագրել։

«30 հազարից արդեն ավել մարդ պատվաստվել է և, փառք Աստծո, որևէ ինչ-որ կողմնակի ազդեցություն, որը լուրջ է եղել, չենք գրանցել, չունենք նման բան։ Հիմնական դեպքերն այդ հետպատվաստումային բարդությունների, երբ որ պատվաստումից մեկ-երկու օր հետո քովիդ վարակ է հայտնաբերվել մոտը և ինքը բավական ծանր է տարել ։ Դե գոնե պատվաստումից երկու շաբաթ պետք է անցնի, որ իմունային համակարգը սկսի գործել։ Մահերից որևէ մեկն առնչություն չի ունեցել պատվաստանյութի օգտագործման հետ», - նշեց Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ մեկ-երկու ամսից արդեն շատ երկրներում առանց պատվաստվելու հնարավոր չի լինի լքել երկիրը։ Նա նշեց, որ հավանաբար, նման որոշում կընդունի նաև Հայաստանը, չբացառեց, որ առաջիկայում պատվաստումները վճարովի դառնան։

XS
SM
MD
LG