Մատչելիության հղումներ

Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշներն են


Կարի ֆաբրիկա Հայաստանում, արխիվ
Կարի ֆաբրիկա Հայաստանում, արխիվ

Լոռու մարզում, հատկապես Վանաձոր քաղաքում, կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են արձանագրվում, քան մյուս մարզերում, այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա փոխանցմամբ, մարզի մի քանի հիմնարկներում մասսայական թեստավորում են արել՝ պարզելու վարակակիրների թիվը։ Անհանգստացնող արդյունքներ են ստացել միայն Վանաձորի երկու կարի ֆաբրիկաներում։

2700 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայում կատարված 67 թեստերի 17 տոկոսը դրական է եղել։ 350 աշխատող ունեցող «Սարտոն» կարի ֆաբրիկայում կատարված 200 թեստերից 50-ը, այսինքն՝ 25 տոկոսն է դրական արդյունք ունեցել։

Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը շեշտեց հատկապես «Սարտոն» կարի ֆաբրիկայի ցուցանիշները՝ առանց ձեռնարկության անունը նշելու։ Եզրակացրեց, որ 200 նմուշառումից 50 դրական արդյունքի դեպքում այդ ֆաբրիկայում սանիտարահիգիենիկ կանոններն ընդհանրապես չեն պահվում. – «Ի տարբերություն, օրինակ, ունենք «Հայփոստի» գրասենյակ` զրո դրական, Բժշկական կենտրոն` զրո դրական, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձոր քաղաքից դուրս, էլի զրո դրական: Այսինքն` ակնհայտ ա, որ այնտեղ, որտեղ կանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ, եթե նույնիսկ զրո էլ չի, շատ փոքր թվեր են: Իսկ որտեղ որ չենք պահպանվում` տասնյակ, որոնք հետո տեղափոխվում են իրենց տներ, տներում արդեն հավանաբար ավելի մեծ տարիքի քաղաքացիներ են վարակվում, և ունենում ենք նաև ողբերգական ելքեր»:

Լոռիում քովիդի ամենաբարձր ցուցանիշ արձանագրած «Սարտոն» կարի ֆաբրիկա մեզ այսօր թույլ չտվեցին մուտք գործել։ Սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Ղուբաթյանը, որ ֆաբրիկայի փոխտնօրենն է, հեռախոսով մեզ ասաց, որ տնօրենի բացակայության պայմաններում չենք կարող մտնել ֆաբրիկա։

Նշենք, որ ձեռնարկությունը մշտապես փակ է լրագրողների համար։ «Ազատությունը» երբեք հնարավորություն չի ունեցել լինելու ֆաբրիկայի ներսում։

Իսկ Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկությունում՝ «Գլորիայում», այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն ստուգումներ էին անցկացնում։ Արձանագրեցին, որ բոլոր կանոնները պահպանված են և, որ այստեղ խնդիրներ չկան։

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ «լեգենդար պազիկները», որոնց մասին այսօր Կառավարության նիստում կրկին շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չեն գործում։ Աշխատակիցներն իրենց միջոցներով են հասնում ֆաբրիկա՝ անձնական մեքենաներով, տաքսիներով կամ հանրային տրանսպորտի միջոցներով։

«Մարդկանց ինքնագիտակցության հարց ա: Ինչքան ուզում ես ասա, ոնց որ դպրոցական էրեխա ըլնեն, որ ասում ես` դասդ սովորի, դասդ սովորի: Չի ստացվում, էլի»:

Դարբինյանն ասում է, որ վարակի պիկը ֆաբրիկայում եղել է հուլիսին, երբ աշխատելուն զուգահեռ 300 աշխատակից միանգամից հիվանդության պատճառով բացակա էր։ Այսօրվա դրությամբ մոտ երկու տասնյակ բացակա ունեն. – «Բայց դե հիմա ավելի խիստ պիտի հետևենք դրան, որովհետև մեկ անգամ ևս դադարեցնելը, դա արդեն մեր կործանմանը հավասար բան ա: Կփակվի ընդհանրապես»:

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը չի հիվանդացել վիրուսով, մինչդեռ արտադրության երկու տնօրեններն էլ հիվանդության ծանր ընթացք են ունեցել։

Հասմիկ Ջուլհակյանն ասում է՝ անալիզներով պարզել է, որ բավարար հակամարմիններ ունի չվարակվելու համար, բայց պարտադիր դիմակ է կրում՝ օրինակ ծառայելու մյուսներին. – «Մենք բոլորին զգուշացնում ենք, որովհետև ես էլ, Վարդանյանն էլ դրա միջոց անցել ենք, գիտենք ինչ ծանր իրավիճակ ա»:

Կարի մեքենաների դիմաց աշխատակիցները մեր այցելության պահին դիմակով էին։ Նրանցից շատերը պատմում էին, որ հիվանդացել, առողջացել են, ոմանք՝ ծանր ընթացքով, ընդհուպ մինչև երկկողմանի թոքաբորբ։ Խոստովանում են, որ սկզբում վիրուսին մատների արանքով էին նայում:

Ֆաբրիկայի ղեկավար Բագրատ Դարբինյանը, որ դեռ հունիսին արտադրությունը երկու շաբաթով կանգնեցնելու պարետի որոշմանն ընդդիմանում էր, դեմ էր պարտադիր դիմակ կրելու պահանջներին և անգամ ցուցադրաբար չէր կրում դիմակ, այսօր խոստովանում է՝ ինքն էլ չէր հավատում կորոնավիրուսի վտանգներին ու արդյունքում շատ կորուստներ ունեցավ. – «Տեսանք էլ, համոզվեցինք էլ: Ժամանակ էլ կորցրեցինք մինչև համոզվեցինք: Ասում ա` հիմար իրա սխալների վրա ա սովորում, խելոքը` ուրիշները: Ավելի լավ ա ասում էին` սովորեինք, քան թե մեր վրա զգայինք»:

XS
SM
MD
LG