Մատչելիության հղումներ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում կայուն է, հիվանդացության նվազում կա


Համաճարակային իրավիճակը Հայաստանում կայուն է, հիվանդացության ցուցանիշների նվազում կա, պատվաստումն էլ առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցառում է․ սրանով է պայմանավորում առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ գերատեսչության կայացրած փոփոխությունները, համաձայն որի՝ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ, իսկ հուլիսի 1-ից էլ` փակ տարածքներում, բայց միայն պատվաստված անձանց համար։

Հարիցն, թե վարակվելու և վարակելու ռիսկերը որքա՞ն է պատվաստված քաղաքացու մոտ, Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը պատասխանեց․ - «Բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների նպատակը ռիսկերի նվազեցնումն է, մինչ օրս որևէ միջոցառում 100 տոկոսով, այդ թվում՝ դիմակի կրելը, 100 տոկոսով չի պաշտպանում։ Եթե քաղաքացին պատվաստվել է երկու անգամ և 14 օր անց արդեն ունի այդ հակամարմինները, ռիսկը, որ կարող է վարակվել ու վարակը տարածել, շատ անգամ քիչ է, քան չպատվաստված քաղաքացունը։ Այսինքն՝ մենք գնում ենք դեպի ռիսկերի նվազմանը»:

Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ։ Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ:

Մինչ օրս Հայաստանում պատվաստվել է ավելի քան 31 հազար քաղաքացի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով հուլիսի 1-ից փակ տարածքներում պատվաստավծների համար դիմակների պարտադիր պայմանը հանելուն, նշել էր. - «Մի փոքր զավեշտալի է թվում, թե արդյո՞ք պարտադիր է դիմակ կրելը, երբ նույն դահլիճում շատ քչերն են դիմակ կրում։ Բայց նախ պիտի ասեմ, որ մենք ունենք համաճարակի ընդհանուր տեմպի նվազում և այս պահին նպատակահարմար ենք գտնում, որ այս սահմանափակումը այլևս չգործի»։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ դեռ նախորդ տարվա մայիսից Հայաստանում որոշումներ էր կայացվում, որոնք միայն ֆորմալ բնույթ էին կրում, գործնականում գրեթե չէին կիրառվում, դրանցից մեկն էլ, օրինակ, դիմակ դնելու պահանջն էր։ Դիմակ դնելու արդյունավետ է միայն համալիր միջոցառումների շրջանակում։ Ըստ մասնագետի՝ այժմ Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքի նվազում է նկատվում, տենդենցը կշարունակվի մինչև 8-ից 10 շաբաթ։

«Այսինքն՝ 8-ից 10 շաբաթ մենք ունենալու ենք հիվանդացության ցածր թվեր, բայց հետո դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա, եթե որևէ միջամտություն չանենք, ինչպես չենք արել նախկինում, կունենանք 4-րդ ալիք», - ասաց Մելիք-Նուբարյանը։

XS
SM
MD
LG