Մատչելիության հղումներ

Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել 6 զինծառայողներին․ ՀՀ ՄԻՊ


Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպը, գյուղում լսված կրակոցները և ադրբեջանական զինված ուժերի կողիմց Հայաստանի 6 զինծառայողների գերեվարումը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում, հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։

Պաշտպանը պնդում է՝ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:

«Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները», - հայտնում է Թաթոյանը՝ պնդելով՝ նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG