Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանի ԶՈՒ-ին մեղադրում է «սադրիչ ահաբեկչական գործունեության» մեջ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

«Հայաստանի զինված ուժերի հետախուզական խմբի ներթափանցումը Ադրբեջանի տարածք, նրանց կողմից այդ տարածքի ականապատման փորձը և դիվերսիոն-հետախուզական գործողությունների անցկացումը մեր կողմից գնահատվում է որպես սադրիչ ահաբեկչական գործունեության փորձ», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

XS
SM
MD
LG