Մատչելիության հղումներ

«Ռուս գործընկերների հետ կառուցողական աշխատում ենք»․ Կութում հայտարարեց Փաշինյանը


«Մեր ռուս գործընկերների հետ շատ կառուցողական աշխատում ենք․ մեր պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը Մոսկվայում են գտնվում, իրենք կաշխատեն», - այսօր Կութ համայնքում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով պաշտոնական Երևանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից, չէր բացառել, որ կառավարությունը կդիմի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` երկրի տարածքից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։

Կութի բնակիչը մասնավորապես հետաքրքրվեց՝ չի՞ կարծում արդյոք պետության ղեկավարը, որ «ՀԱՊԿ անդամ 4 պետությունները թուրքական պետություններ են, թուրքալեզու պետություններ են, որոնք բացահայտորեն պաշտպանում են Ադրբեջանին, դրանցից ո՞նց օգնություն սպասենք»։

Փաշինյանը հարցին արձագանքեց․ - «ՀԱՊԿ-ը երկրները ստորագրել են և կոկրետ պարտավորություններ են ստանձնել, և մենք ասում ենք, որ դրանք պայմանագրային միջազգային պարտավորություններ են և այդ պարտավորությունները պետք է կատարվեն։ Գիտե՞ք, Դուք տենց բան եք ասում, բայց ես մի քիչ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև այստեղ կազմակերպության ստանձնած պարտավորությունների հարցն ա միջազգային, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձր լինի, գործունակ լինի, և մենք մեր պարտավորությունները նրանց նկատմամբ կատարենք, կազմակերպությունն էլ իր պարտավորությունը՝ մեր նկատմամբ»։

«Հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության»

Վարչապետի պաշտոնակատարն այսօր կառավարության նիստից հետո այցելեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնք, որի սահմանային հատվածից էլ այսօր վաղ առավոտյան գերեվարվել են 6 զինծառայողները։

Նա բնակիչներին համախմբման կոչ արեց։ «Որևէ սասանում այս առումով պետք է չլինի։ Պարզ է, որ շատ նյարդային, հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք և նաև հավասարակշռությունը, որովհետև, եթե դրանք կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատելու, ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ մութ, ստվերային գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, էդպիսի բան լինել ի բնե չի կարող»։

Ներկաներից մեկն արձագանքեց․ - «Տա Աստված»։ Վարչապետի պաշտոնակատարն ի պատասխան հայտարարեց՝ «դա բացառված բան է, ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով եմ ասում»։

«Մեզնից ուզում են խլել մեր ինքիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեր հայրենիքը։Ղարաբաղի հարցը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ինչո՞ւ չի կարգավորվել, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանն, այդ պահից սկսած Ադրբեջանը փորձել է ավելի մեծ զիջումներ կորզել։ Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող։ Սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է դուրս գան և այստեղ մեր հաստատակամությունը պետք է երևա, բայց չպետք է թույլ տանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա», - հայտարարեց վարչապտի պաշտոնակատարը կրկին շեշտելով․ - «Հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության։ Էն, ինչ կա մեր մտքում մենք ձեզ ասում ենք»։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Այսօր էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

XS
SM
MD
LG