Ըստ էության սա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանին 6 զինծառայողի հետ տեղի ունեցածին։
Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։
Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ զինվորներն ականապատման աշխատանքներ էին իրականացնում զգուշացնող նշանների ուղղորդմամբ։
«Հայաստանի Զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապտված լինելու վերաբերյալ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Իհարկե, հետագայում եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ, դա եղել է մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
Անընդունելի համարելով նման գործընթացները՝ Փաշինյանը սա որակեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակներն՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար։
«Մենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք։ Հստակ է մեր պահանջը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, երկրորդ՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք շրջահայացորեն », - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Երեկ Փաշինյանը դժգոհելով ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից, չբացառեց, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։