Մատչելիության հղումներ

Իրանը հուսով է, որ առաջիկայում կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքում. Զարիֆ  


Իրանը հուսով է, որ առաջիկայում կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքում, այսօր Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ընդգծելով, որ ռազմավարական երկխոսություն է ունեցել Հայաստանի գործընկերների հետ:

Իր հերթին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի անկախության առաջին տարիներից Իրանի հետ սահմանն ապահովել է երկրի անվտանգությունը, և անվտանգության ոլորտում հայ-իրանական օրակարգի բնույթը ռազմավարական է:

Հատկանշական է, որ անվտանգության ոլորտում Իրանի հետ ռազմավարական օրակարգ ունենալու մասին Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում է Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամի և Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործության պայմաններում։

Ավելի քան երկու շաբաթ է՝ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, դիրքեր զբաղեցրել և ցայսօր հրաժարվում է հեռանալ։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել Իրանին սահմանակից Սյունիքում միջանցքի բացման անհրաժեշտության մասին։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով, որևէ միջանցքի շուրջ բանակցություններ չեն ընթացել ու չեն ընթանալու։

«Հուսով եմ՝ այս պանդեմիայի ավարտից հետո մենք կկարողանանք տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Զարիֆի երևանյան այցին նախորդել էր Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Երևանում, ուր քննարկվեց հայաստանյան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը իրանական ընկերությունների ներգրավման հարցը։ Ի դեպ, Զարիֆն այսօր նշեց, թե Էսլամիի այցի արդյունքում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել։

Կիրակի՝ մայիսի 23-ին Թեհրան մեկնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ուր Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ քննարկեց Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր։

Այսօր ընդունելով Զարիֆին՝ Փաշինյանը ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն. «Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Իհարկե, երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար»:

«Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել», - շարունակեց Փաշինյանը՝ նշելով, - «բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարևոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար: Մենք իհարկե հետաքրքրված ենք նաև, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցը: Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է: Մենք պետք է ջանքեր գործադրենք հաջողության հասնելու համար»:

Իրանի արտգործնախարարին այսօր ընդունել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ ըստ նախագահականի մամլո հաղորդագրության, հայտարարելով, որ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր է դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել խորացումը:

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը Թեհրանի կարմիր գիծն են. Զարիֆ

Առավոտյան Զարիֆին հյուրընկալել էր արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, և այդ հանդիպման ժամանակ նույնպես Իրանի արտգործնախարարը ուշագրավ հայտարարություն արեց, թե տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը Թեհրանի կարմիր գիծն են։

«Մտահոգ ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներից։ Մի քանի անգամ զգուշացրել ենք, որպեսզի ցուցաբերվի զսպվածություն և հարգվի երկրների ինքնիշխանությունը։ Որպես հարևան երկրի ներկայացուցիչ՝ իմ այս այցի նպատակն է ջանքեր գործադրել, որպեսզի ցանկացած սրացման պարագայում կարողանանք օգտակար լինել, և որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան։ Երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, և այսօր շատ կարևոր հարցերի շուրջ զրույց եմ ունեցել ձեզ հետ։ Հանդիպելու ենք Հայաստանի վարչապետի ու նախագահի հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք գտնել տարբերակներ՝ վերջին ժամանակաշրջանում սրված իրավիճակին լուծում տալու համար։ Ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Ուշագրավ է, որ արտգործնախարարությունում հայ-իրանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Զարիֆը առնվազն երեք անգամ խոսեց տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին։

44-օրյա պատերազմից հետո սա՝ Իրանի արտգործնախարարի արդեն երկրորդ այցն է Բաքու և Երևան։ Նախորդը այս հունվարին էր, և այս անգամ, նույնպես, Զարիֆը Բաքվից հետո այցելեց Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG